Հայկազն Խաչատրյանը

Հայկազն ԽաչատրյանըԼուսանկարը` Անձնական արխիվից

 

Քաղաքական գործիչ, նկարիչ, քաղբանտարկյալ, ԱՄԿ-ի հիմնադիր

Հայկազն Կարապետի Խաչատրյանը ծնվել է 1920թ. դեկտեմբերի 11-ին Երեւանում:

Երեւանի Մռավյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Խաչատրյանը 1936 թ-ին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Այն ավարտելուն պես 1938 թ-ին Աշտարակի միջնակարգ դպրոցում աշխատանքի է ընդունվում որպես նկարչության ուսուցիչ: 1939 թ-ին զորակոչվում է Սովետական բանակ եւ մասնակցում է նախ սովետ-ֆիննական, ապա նաեւ Մեծ Հայրենական պատերազմին:

Ռազմական տարիները ծանր էին Խաչատրյանի համար: Հատուկ հանձնարարություն ստանալով՝ նա ներթափանցում է թշնամու թիկունք եւ ղեկավարում Ուկրաինայի դիվերսիոն ջոկատները: Այնտեղ նրան հետեւում են գեստապոյականները՝ կոչելով «Ժիդոկ Յանկո»: Վիրավոր Խաչատրյանին գտնում ու թաքցնում է տեղացի մի ընտանիք: Երկարատեւ ապաքինումից հետո Խաչատրյանը հեռանում է այդ ընտանիքից՝ չցանկանալով այդ մարդկանց վտանգի ենթարկել: Այնուհետեւ նա շարունակում է իր պարտիզանական գործունեությունը: Պետք է նշել, որ Խաչատրյանը հերոսաբար կռվում էր ողջ պատերազմի ընթացքում եւ իր ընկերներին հասցեագրված նամակներում կոչ էր անում «ազնիվ ու պարտաճանաչ կերպով պայքարել հանուն հաղթանակի, հակառակ դեպքում թուրքերը կմտնեն Կովկաս»: Նա մեծ հույսեր էր կապում Սովետական պետության հետ՝ համարելով, որ պատերազմի արդյունքում թուրքերին հանձնած տարածքները վերադարձվելու են:

1945 թ-ին զորացրվելուց հետո Խաչատրյանն ընդունվում է Երեւանի գեղարվեստի պետական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ, որը ավարտում է 1951 թ-ին: Ուսումնական տարիներին Կոմկուսի գործողություններին հետեւելով՝ Խաչատրյանը հիասթափվում է կոմունիստական գաղափարախոսությունից եւ սովետական իշխանություններից, նրանց հանդեպ ատելությամբ լցվում: Եվ ահա դրա ապացույցներից մեկը: 1950-1951թթ., երբ բոլոր սովետական ստեղծագործությունները համակված էին Ստալինի պաշտամունքով, Խաչատրյանն իր դիպլոմային աշխատանքում պատկերում է «Ռուսական բանակի կողմից Իսմայիլ ամրոցի ազատագրումը թուրքերից Ա. Սուվորովի ղեկավարությամբ»: Ատելության հիմնական պատճառներից այն էր, որ սովետական բարձրաստիճան առաջնորդները հաճախակի այցելում էին եւ ծաղկեպսակներ էին դնում Թուրքիայում Քեմալ Աթաթուրքի գերեզմանին:

Ինստիտուտը ավարտելուց հետո 1953-1963 թթ-ին Խաչատրյանը աշխատում է  Մոսկվայում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ), մասնակցում է Էրմիտաժի վնասված կտավերի վերականգման աշխատանքներին, աշխատում է «Հայկական մանրանկար» գրքի նկարազարդման վրա: Այնուհետեւ Երեւանում «Պիոներ» մանկական գրականության հրատարակչությունում աշխատում է որպես նկարիչ ու դիզայներ: 1965 թ-ի ապրիլի 24-ին, Հայերի ցեղասպանության 50-ամյակին, նա իր գաղափարակիցների հետ ցույց է կազմակերպում Կոմիտասի գերեզմանի մոտ: Իսկ ուղիղ մի տարի անց՝ 1966 թ-ի ապրիլի 24-ին Խաչատրյանը առաջարկում է Կոմունիստական կուսակցությանը ընդդիմադիր կուսակցություն ստեղծել, որը անվանակոչվում է Ազգային Միացյալ Կուսակցություն (ԱՄԿ): Գաղափարը ձեւավորվում է նախնական կալանավորման վայրում, որտեղ Խաչատրյանը ու Ստեփան Զատիկյանը հայտնվում են Կոմիտասի գերեզմանի մոտ ձեռբակալվելուց հետո: Սակայն հանցագործության կազմի բացակայության պատճառով նրանց մի քանի օրից ազատ են արձակում:

Արդեն մի քանի օրից ձեւավորվում է կազմակերպության կորիզը: ԱՄԿ-ին միանում են ընդհատակյա երիտասարդական մի քանի կազմակերպություններ, որոնք մինչ այդ իրարից անկախ էին գործում: Կազմակերպությունը մշակում է իր կանոնադրությունը եւ գործողությունների ծրագիրը: 1967 թ-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ ներկայացվում է ԱՄԿ-ի հռչակագիրը: Հենց այնտեղ էլ կազմակերպության առաջին անդամները Ազգային Սուրբ երդում են տալիս՝ հավատարիմ մնալու կուսակցության գաղափարներին: Կուսակցության ղեկավար մարմին է դառնում ԱՄԿ-ի Խորհուրդը: Կուսակցությունը որոշում է կայացնում ընդհատակյա գործունեություն ծավալելու մասին: ԱՄԿ-ի ամեն անդամ պարտավոր էր խիստ հետեւել կուսակցության «Հօգուտ Ազգի եւ Հայրենիքի» ծրագրին: Կուսակցության անդամ կարող էին դառնալ բոլոր 16 տարեկանը լրացած անձինք, ովքեր ընդունում էին ծրագիրը, կանոնադրությունը եւ սուրբ երդումը: Կուսակցության կառուցվածքը հետեւյալն էր. ԱՄԿ-ն կազմված էր բազմաթիվ խմբերից (տասնյակներից), որոնք չէին շփվում միմյանց հետ եւ չէին էլ ճանաչում իրար: Ամեն մի խումբ ուներ ղեկավար, որը ճանաչում էր մյուս խմբերի ղեկավարներին, ինչպես նաեւ իր ղեկավարին  (հարյուրապետին): Նման կառուցվածքի նպատակն էր ապահովել կուսակցության գործունեության գաղտնիությունը:

Հայոց ցեղասպանության օրվան էր նվիրված ընդհատակյա «Փարոս» թերթի անդրանիկ համարը: Խաչատրյանն իր հոդվածները տպագրում էր «Վռամ» կեղծանվան ներքո: Իր խմբագրական սյունակում նա գրում է. «Հայո՜ց ազգ, քո սուրբ պարտքն է քո նախնիների գործին հավատարիմ մնալը, ազգային էությունը պահպանելը, Հայաստանի անկախության համար պայքարելը: Ապրիլի 24-ը պետք է նշվի յուրաքանչյուր տարի: Դա պետք է լինի հայ ազգի ցասումնալից բողոքի օր՝ ընդդեմ անցյալի եւ ներկայի հանցագործությունների»:

«Փարոսը» աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հայաստանում եւ ԽՍՀՄ-ում, այլեւ արտասահմանում: Կուսակցության գոյության մասին լուրերը տարածվեցին ամենուր, որտեղ հակասովետական շարժում էր գոյանում: Թերթը արգելվել էր եւ հակասովետական էր ճանաչվել: Հետապնդվում էին ոչ միայն «Փարոսի» հեղինակները, այլեւ ընթերցողները: Այդ ընթացքում ԱՄԿ-ին նոր անդամներ էին միանում: Կուսակցությանը անդամակցելը համընդհանուր բնույթ էր ստանում: Սակայն հենց դա էլ նրա անկման պատճառը դարձավ: Կուսակցության մեջ դավաճաններ ներթափանցեցին: 1968 թ-ի հունիսին Խաչատրյանը ձերբակալվեց: Նրան մեղադրանք առաջադրվեց Հայկական ԽՍՀ ՔՕ 65.1 ու 67 հոդվածների համաձայն (հակասովետական ագիտացիա, մասնակցություն հակասովետական կազմակերպությանը): Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանը նրան դատապարտեց 5 տարվա ազատազրկման: Իր պատիժը Խաչատրյանը կրում էր հանրահայտ մորդովյան ճամբարներում:

Այնտեղ նա ծանր հիասթափություն է ապրում իր նախկին գաղափարակիցներից շատերից, ովքեր դավաճանել էին իրեն եւ ակտիվորեն համագործակցում էին ՊԱԿ-ի հետ: Սակայն նույնիսկ Մորդովիայում կալանավորված լինելու ժամանակ նա չէր դադարել ընդահատկյա գործունեություն ծավալել: Նրան հաջողվեց կապեր հաստատել շատ քաղբանտարկյալների հետ, որոնք հետագայում համակվեցին նրա գաղափարներով եւ դարձան ամենամոտ գաղափարակիցները:

Ճամբարում Խաչատրյանը ընդհատակյա գրականություն էր տարածում հայերեն ու ռուսերեն լեզուներով: Դրանք հիմնականում իր սեփական մտքերն էին Հայկական հարցի, ազգի ապագայի եւ այլ հարցերի մասին: Այդ հոդվածների հիման վրա ստեղծվեց մի գիրք, որը անվանվեց «Սեւ». այն այդպես էլ չտպագրվեց: Գրքում Խաչատրյանը պատմում է անազատության մեջ անցկացրած իր իսկապես սեւ օրերի մասին: Այնտեղ ՝ ճամբարում նա շատ բանտարկյալների է պատկերում, եւ շատերը մինչ օրս որպես սրբություն պահում են այդ դիմանկարները: Հետաքրքիր են Խաչատրյանի՝ ճամբարից ուղարկված նամակները. շատ խորը, զգացմունքային: Նա դրանք գրում էր թխկու տերեւների վրա:

1973 թ-ին, պատիժը կրելուց հետո, Խաչատրյանը վերադառնում է Երեւան: Սովետական կառույցներում նրա համար աշխատանք «չգտնվեց»: Նրա հանդեպ խիստ վերահսկողություն էր սահմանվել. արգելվում էր լքել քաղաքը, տանից դուրս գալ 17:00-ից հետո, եւ այլն: Շաբաթական մեկ անգամ պարտավոր էր այցելել միլիցիա ու չմեկնելու մասին ստորագրություն տալ: Այնուամենայնիվ, նրան հաջողվում էր շփվել ամենամոտ գաղափարակիցների հետ, որոնք նրան այցելում էին իր տանը եւ առաջադրանքներ ստանում: Նկարչի ազատ մասնագիտությունը նրան թույլ էր տալիս սիրելի գործով զբաղվել: Խաչատրյանի ստեղծած կուսակցությունը շարունակում էր գոյատեւել, բայց իշխանությունները լուրջ պատճառներ չունեին նրան մեկուսացնելու: Այդ ժամանակ իշխանությունները սադրանքի դիմեցին՝ հարեւանների «օգնությամբ»: 1978 թ-ին Խաչատրյանը ձերբակալվեց «խուլիգանության» համար: Այս անգամ նա 1,5 տարվա ազատազրկմամբ «պրծավ»: Անազատության տարիները շատ վատ անդրադարձան Խաչատրյանի առողջության վրա: Բանտում նա 3 անգամ ուղեղի կաթված տարավ:

1980 թ-ին ազատվեց բանտից: Այս անգամ ընդմիշտ: 1980 թ-ից հետո Խաչատրյանը շարունակում էր զբաղվել ընդհատակյա քաղաքական գործունեությամբ: Նա ողջունեց Սովետական միության փլուզումը, սակայն նրա առողջությունը վերջնականապես քայքայված էր:

Այնուամենայնիվ, Խաչատրյանը հասցրեց Հայաստանում ազգային զարթոնքի ականատեսը դարնալ: Նա մեծ ցնծությամբ դիմավորեց Ղարաբաղյան շարժումը եւ նոր առաջնորդներին: Հեռավոր երազանքը սկսել էր իրականանալ… 1989 թ-ի սեպտեմբերի 27-ին Հայկազն Խաչատրյանի սիրտը դադարեց բաբախել:

Նյութի աղբյուրը՝