Միսաք Մեծարենցն իր մեղեդային բանաստեղծություններով 
նոր աստիճանի է բարձրացրել արևմտահայ պոեզիան. ստեղծել է 
բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, 
կատարելության հասցրել ոտանավորի ձևերը:
 
Միսաք ՄԵծարենցը (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան) նախնական կրթությունն ստացել է Բինկյանի Մեսրոպյան վարժարանում, 1894–96 թթ-ին սովորել է Սեբաստիայի Արամյան դպրոցում, 1896– 1901 թթ-ին՝ Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկում: 1902 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. մինչև 1906 թ. սովորել է Կեդրոնական վարժարանում, խորացել հայագիտության մեջ: Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության՝ թոքախտի պատճառով: 
Մեծարենցը գրել է 1901 թ-ից: 1903 թ-ից աշխատակցել է «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների: 1907 թ-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսել նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները:
«Ծիածանը» լուռ ցավերի ու հույզերի, աղերսանքի ու սպասման հանրագումար է: Այդ ապրումների մեջ է ծնվել «Սիրերգը» («Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՛ն»)՝ բազմազան ու հակասական զգացումներով.
 
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛,
Շըրթունքս են ծարավ միակ համբույրին…
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛:
 
Մոտալուտ մահվան կանխազգացումն ավելի է զորացրել բանաստեղծի սիրո և ապրելու տենչը: Արևն ու գարունը դարձել են կյանքի խորհրդանիշներ.
 
…Շողա՛, շողա՛, բարի՛ արև, հիվա՛նդ եմ…
 
Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում: Տառապող անհատի համար բնությունը և գյուղը վերածվել են հոգու ապաստանի («Աքասիաներու շուքին տակ», «Հովը», «Արևին», «Գետափի երազանքը», «Մառախուղ» և այլն): Նա խուսափել է գյուղական կյանքի դառնությունները պատկերելուց, ներբողել է միայն գեղեցիկը, մարդու և բնության կապը, աշխատանքով ստեղծվածի գրավչությունը («Այգային», «Տապի նոպաներ», «Անձրև», «Ջրտուք» և այլն):
Մեծարենցի սիրո երգերը պատանեկան անաղարտ զգացմունքի անկրկնելի նվագներ են. ճակատագրով դատապարտված պատանին սիրո մեջ տեսել է կյանքի հմայքը, աշխարհի գեղեցկությունը, գոյության իմաստը («Այգերգ», «Ջուրեն դարձին», «Անդարձը» և այլն).
 
Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի,
Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար…
Երազներուս պերճուհին է որ կ’անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
(«Վայրկյանը»)
 
Հետագայում բանաստեղծի անձնական սպասումը դարձել է անանձնական. հիվանդ պատանին ձգտել է իր ցավը զսպել և հոգու ջերմությունը, սերն ու գորովը տալ մարդկանց, համակել նրանց կենսասիրությամբ («Տո՛ւր ինձի, Տե՛ր…», «Իրիկունը», «Հովը», «Հյուղը» և այլն): 
Մեծարենցի երգը նման է խավարում շողացող լույսի ճառագայթի: Բնության, գարնան և սիրո ներբողներով լեցուն նրա քնարը հուսալքված ու բեկված հոգիներում արթնացնում է կյանքի և ապրելու կարոտը:
Մեծարենցը հեղինակ է նաև շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծությունների ու պատմվածքների, մի քանի գրաքննադատական հոդվածների («Ինքնաքննադատության փորձ մը», «Նարեկացիին հետ» և այլն):
Միսաք Մեծարենցի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց, որի ներսում տեղադրվել է նրա արձանը:

 

   «Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է»:
   «Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտությունը կզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու»:
Միսաք Մեծարենց
 
   «…Մեծարենցի պոեզիան ազնիվ կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը»:
Վահագն Դավթյան,
բանաստեղծ
 
   «…Մեր երկրին նկարագեղ քաղցրությունները, մեր հոգիին ընդոծին դալկությունները, մեր շնորհն ու տրտմանուշ երազանքները սքանչելի ծաղիկներու նման կը բուսնին անոր (Մեծարենցի) արնաշաղախ էջերուն»:
Հակոբ Օշական,
բանաստեղծ

 

 

«Արյուն է եղել աշխարհում: – Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին»:
Եղիշե Չարենց