Կարեն Դեմիրճյանը կուսակցական և պետական գործիչ է, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարն էր (1974–88 թթ.), ՀՀ Ազգային 
ժողովի նախագահը (1999 թ.), Հայաստանի Ազգային հերոս
 (1999 թ., հետմահու):
 
Կարեն Դեմիրճյանը 1954 թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական  ինստիտուտի (այժմ` ճարտարագիտական համալսարան) մեխանիկական ֆակուլտետը, 1961 թ-ին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը: 1954–55 թթ-ին աշխատել է Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955 թ-ից` Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում (տեխնոլոգ, արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն): 1964–72 թթ-ին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972–74 թթ-ին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար, 1991–99 թթ-ին՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն:
Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974–88 թթ.) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա–Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս–Նուռնուս և Աղստաֆա–Իջևան–Հրազդան–Սևան–Մարտունի երկաթուղային մայրուղիներ  և այլ շինություններ:
1975 թ-ի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին: Նրա ջանքերով 1978 թ-ի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թ-ին կանխվել է Բաքու–Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի–Քաջարան ավտոմայրուղին, Գորիս–Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:
1998 թ-ին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1999 թ-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ): 
Ընտրվել է ԽՍՀՄ (1974–79 թթ.) և ՀԽՍՀ (1967–89 թթ.) Գերագույն խորհուրդների պատգամավոր:
Զոհվել է 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ:
Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, դ 139 դպրոցը, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 2004 թ-ից Երևանում գործում է Կարեն Դեմիրճյանի թանգարանը: