Հայոց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը երբեք չդադարեցրեց իր պայքարը անկախության վերականգնման համար։ Այդ պայքարը երբեմն ընթացել է դիվանագիտական բանակցությունների ու քաղաքական երկխոսությունների միջոցով։ Փորձեր են կատարվել դիմելու եվրոպական պետությունների օգնությանը։ Փորձ կատարվեց անգամ դիմելու կարա-կոյունլու Ջհանշահին։ Վերջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։ Նա անգամ ընդառաջում է Աղթամարի կաթողիկոս Ձաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։ Աղթամարի կաթողիկոսները սերում էին Արծրունիների թագավորական ընտանիքից, և պատահական չէր, որ ժամանակագիրը կաթողիկոսին համարում էր «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից և ցեղից»։

Ձաքարիա Աղթամարցին որպես Հայոց թագավորի թեկնածու առաջարկում է իր եղբորորդի Սմբատ Արծրունուն։ Ջհանշահը տալիս է իր համաձայնությունը։ 1465թ. սկզբներին Աղթամարի կաթողիկոսը Աղթամարի Սբ Խաչ մայր եկեղեցում, հայոց մեծամեծերի ներկայությամբ, հանդիսավորությամբ Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա տարածքը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա որոշ տարածքով։ Որպես Հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471թ.։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։