Նյութի աղբյուր

 

Նոյեմբերի 15
11:00-11:30. Հարիսայի օրհնություն Ս. Երրորդություն եկեղեցում.
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթ եկեղեցում

12:00-13:00. Հարիսա-էքսպո. տոնախմբություն Մարմարյա սրահում

13:00-14:00. Հարիսայի ծես դպրոցներում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Տոնական շաբաթ՝ Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն՝ «25 տարի մոբիլ ու ստեղծական»: Շաբաթն ամփոփվում է հարիսայի ծեսով, տոնախմբությամբ:

Առավոտյան ժամը 10-ից կրթահամալիրում եռուզեռ էր: Սովորող և ուսուցիչ, ծնող ու երեխա, համերաշխ մի մեծ ընտանիք պատրաստվում էր օրվա խորհրդին: Հարիսայով լի կաթսաները գոլորշի էին արձակում: Մայր դպրոցում կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց ուներ իր սեղանը, որը պետք է լցվեր տոնական ուտեստներով՝ գլխավորապես հարիսայով:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը իր ողջույնի խոսքն ու շնորհավորանքը հղեց բոլորին:

Ժամը 11-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում իր ելույթով հանդես եկավ «Սեբաստացիներ» երգչախումբը: Հայաստանի և Արցախի մի շարք եկեղեցիներում հանդես եկած երգչախումբը շարունակում է ելույթները Հայաստանում, Արցախում, սահմաններից դուրս՝ մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:

Այնուհետև լեփ-լեցուն եկեղեցում սկսվեց հարիսայի օրհնությունը: Տեր Եսայի քահանան իր օրհնությունը տվեց կրթահամալիրին, եկեղեցում գտնվողներին, բոլոր-բոլորին:

Ապա քայլարշավ դեպի Մայր դպրոց:

Ամենուր շնորհավորանքի խոսքեր էին լսվում, միմյանց շնորհավորում էին տոնի կապակցությամբ, համտեսում հարիսան, անուշեղենը, դիտում ցուցադրված աշխատանքները:

Ժամը 12:00-ին սկսվեց տոնախմբությունը Մարմարյա սրահում:

Մեծ թվով հյուրեր, ծնողներ ևս մասնակցեցին համընդհանուր տոնին:

Մեկ ժամ տևած տոնախմբություն, հին ու նոր սեբաստացիներ, միասնական երգ ու պար, համախմբում. սա  25 տարի ապրող, արարող, մոբիլ ու ստեղծական մի կրթահամալիր է՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Այս ուրախ տոնախմբությունն ավարտվեց կրթահամալիրի դպրոցներում հարիսան ճաշակելու արարողությամբ: Այստեղ էլ ոչ մի խտրականություն. սովորող, ծնող, ուսուցիչ, հյուր, բոլորը միասին սեղանի շուրջ՝ ժպտուն, սիրալիր, զրուցում են, երգում, միասի վայելում հարիսան:

Կրթահամալիրի բնակիչները՝ սովորողներն ու դասավանդողները ապրում են այսպես, իսկ նրանք, ովքեր ուզում են մասնակցել, ասում ենք՝ համեցեք, մեր դռները միշտ բաց են: Ահա կրթահամալիրի տոնացույցը: