Գայլերի մասսայական որսով նրանց հարձակումը գյուղերի վրա չեն կանգնեցնի, նրանց հարձակման մեջ ավելի լուրջ խնդիրներ կան: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Գայլերը բնությունը պաշտպանում են համաճարակներից, քանի որ հանդիսանում են բնության սանիտարներ՝ նրանք ուտում են հիվանդ և թույլ կենդանիներին: Խորհրդային Միության ժամանակ անխնա որսում էին գայլերին, ինչը հանգեցրեց էկոհամակարգի խաթարմանը»,-ասաց բնապահպանը:
Կարինե Դանիելյանը նշեց նաև, որ գյուղերին գայլերի հարձակումից պաշտպանելու համար անհապաղ պետք է դադարեցվի նրանց համար կերակուր հանդիսացող կենդանիների որսը՝ նապաստակներ, վայրի խոզեր և այլն:
Դիտարկմանը, որ որսորդությունը մի շարք պետություններում հադիսանում է տնտեսության մի ճյուղ, Կարինե Դանիելյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մեր փոքր տարածքում դա ճիշտ քայլ կլինի: Անունը չեմ ցանկանում տալ, բայց մի անգամ մեկն ասաց, որ փոքր կենդանիներ որսալով ադրենալինը մեծ չի լինում, լավ ադրենալին ստանալու համար պետք է մեծ կենդանի որսալ: Չեմ հասկանում, տղամարդիկ իրենց ադրենալինը բարձրացնելու այլ տարբերակ չունե՞ն»:
Ասուլիսի մյուս բանախոս, բնապահպան Սիլվա Ադամյանն էլ տեսակետ հայտնեց, թե գայլերի որսի համար 20 միլիոն դրամ տրամադրելով՝ Կառավարությունը թաքցնում է գյուղերում իր վատ աշխատանքի արդյունքները:
«Գումար են տրամադրել, որ գոռան՝ տեսեք մենք ձեր համար 20 միլիոն են տրամադրել: Այդքան գումարով կարող էին ֆոնդ ստեղծել, որոնցից գյուղական համայնքները ձեռք կբերեին գելխեղդ շներ, էլեկտրական հովիվներ, կամրացնեին իրենց գոմերը և այլն»,- ընդգծեց բնապահպանը:

Նյութի աղբյուրը՝