Գայլերի, շնագայլերի, ագռավների եւ կաչաղակների թվաքանակի աճն առաջ է բերել բնապահպանական լուրջ խնդիրներ: Այս մասին նշված է բնապահպանության նախարարության՝ «ԷկոԼուրի» «Իսկ որտե՞ղ են մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի եւ շնագայլի որսի սահմանափակումները» նյութի պատասխանում:

Ստորեւ ներկայացնում է ԲՆ պատասխանը.

«Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի, շնագայլերի, մոխրագույն ագռավների, ինչպես նաեւ կաչաղակների թվաքանակի զգալի աճ:

Նշված կենդանատեսակների թվաքանակի աճման հանգամանքը առաջ է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաեւ բնապահպանական լուրջ խնդիրներ, ինչը, օրինակ, վերջին տարիներին արտահայտվում  է մի շարք կենդանատեսակների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին հասցված վնասով:

Հանրապետության տարբեր համայնքներում 2010-2012 թվականներին բազմիցս արձանագրվել են գայլերի հարձակումներ` ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա, որը զգալի տնտեսական վնաս էր հասցնում անասնապահությանը եւ առաջ էր բերել մի շարք խնդիրներ: Իրավիճակի կարգավորման նպատակով ՀՀ կառավարության 10.02.2011թ  «Գայլերի  թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին»  N 123-Ն եւ 16.02.2012թ. «ՀՀ կառավարության փետրվարի 10-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ու ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 146-Ն որոշումների  համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում 2011-2012 թվականների ընթացքում  իրականացվել են գայլերի  թվաքանակի կարգավորման միջոցառումներ:

Հարցումները ցույց են տվել, որ գայլերի գերակշռող մասը ոչնչացվել է բնակավայրերի տարածքներում` գյուղերի մեջ, դրանց անմիջական մոտակայքում եւ անասնագոմերի շրջակայքում:

2013 թվականի ընթացքում գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումներ չեն իրականացվել, քանի որ հանրապետության գյուղական վայրերից եւ բնակչության կողմից գայլերի հարցակման վերաբերյալ ահազանգեըը եղել են շատ ավելի քիչ, քան  2011-2012 թվականների ընթացքում: 2014 թվականի առաջին կիսամյակում ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակման գրանցված դեպքերը թույլ են տալիս եզրակացնել, որ գայլերի  թվաքանակը մեծացել է, եւ անհրաժեշտություն է առաջացել շարունակել  գայլերի  թվաքանակի կարգավորման  միջոցառումները:

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 15-րդ հոդվածով սահմանված է, որ  բացառիկ դեպքերում (բնակչության, ընտանի եւ վայրի կենդանիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) անցկացվում են վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումներ:

Նշված միջոցառումների թվին  կարելի է դասել նաեւ ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականի օգոստոսի 21-ի N236-А հրամանով սահմանված այն դրույթը, համաձայն որի 2014-2015 թվականների որսաշրջանի ընթացքում որսի թույլտվություն ունեցող անձանց թույլատրվում է իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի եւ շնագայլի որս:

Նման միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի կարգավորել վերջիններիս թվաքանակը եւ  պոպուլյացիայի բնականոն մակարդակը, դրանով վերականգնել  բնության մեջ խախտված էկոլոգիական հավասարակշռությունը, ինչպես նաեւ հնարավոր կլինի կանխարգելել ընտանի կենդանիներին եւ մարդկանց հասցվող էական վնասը»:

Նյութի աղբյուր՝