Չնայած աբստրակտ էքսպրեսիոնիզմի ուղղության ամենահայտնի անուններից և աշխարհի հայտնի նկարիչներից  մեկը լինելուն` Թուրքիայում ժխտվող ցեղասպանության խավարում մնացած ծնունդով վանեցի Արշիլ Գորկու կենսագրությունն այս ամիս «Արաս» հրատարակչությունը թարգմանեց թուրքերեն և լույս ընծայեց:

Նուրիցա Մաթոսյանը «Արշիլ Գորկի. սև հրեշտակ» գրքի նախաբանում Գորկու մասին ասում է. «Անկասկած ժամանակակից թուրքերը, ովքեր հանդիսանում են այն երկրի ժառանգորդները, որտեղ ծնվել և մինչև 13 տարեկանը ապրել է Արշիլ Գորկին, նրանից ամբողջությամբ անտեղյակ են»: Սա չափազանցեցված սահմանում չէ: Իրականում, ի համեմատություն նրա պես արվեստի պատմության մեջ շատ կարևոր տեղ զբաղեցնող նկարիչների և աբստրակտ էքսպրեսիոնիզմի ուղղության հայտնի ժամանակակիցների, Գորկու կյանքի և արվեստի վերաբերյալ թուրքերեն շատ աղբյուրներ չկան: Արվեստի պատմության վերաբերյալ աշխատություններում Գորկին հիշատակվում է որպես «Թուրքիայից ԱՄՆ գաղթած նկարիչ»: Այս տեղեկությունը ոչ թե թերի է, այլև ամբողջությամբ սխալ է, որովհետև «գաղթ» բառի մեջ հասկացվում է «կամավորություն», որը նույնիսկ հատուկ թաքցնում է   ցեղասպանության իրականությունը: Եթե Արշիլ Գորկու մասին հետաքրքվելով` փնտրեք թուրքերեն բովանդակությամբ գուգլի տիրույթում, կգտնեք «տխուր մի պատմություն»: Այս «պատմություններում» 1915 թ. ցեղասպանությունն առնվազն հիշատակվում է որպես «մեծ աղետ»: Այստեղ ոչ թե սխալ, այլ թերություն կա: Անհրաժեշտ է Գորկու «աչքաթող լինելու» պատճառը փնտրել հենց այստեղ` այս թերի մնացած տեղեկության մեջ: Մաթոսյանն ասում է, թե այս «աչքաթող լինելու» պատճառն այն է, որ թուրքերը 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրենց պատմության ամենամութ շրջանի վերաբերյալ «ոչինչ չգիտեն», սակայն սա միայն «չիմանալու» հարց չէ, ընդհակառակը` իմանալով ժխտելու արդյունք է:

Այս ամիս «Արաս» հրատարակչության լույս ընծայած` Նուիրցա Մաթոսյանի «Արշիլ Գորկի. սև հրաեշտակ» գիրքը կարևոր հնարավորություն է ճանաչելու նկարչին, ում Թուրքիայում չեն ընդունում: Գիրքը լոկ նվիրված չէ Արշիլ Գորկու արվեստին, այն միևնույն ժամանակ պատմության գիրք է: Մաթոսյանն իր աշխատությունը սկսում է Վանից, որտեղ 1900-ական թթ. սկզբին լույս աշխարհ է եկել Արշիլ Գորկին, այնուհետև անդրադառնում է 1915 թ. ցեղասպանությանը, Վանի ինքնապաշտպանությանը, 1918 թ. Հայաստանի Հանրապետության հիմնադրմանը, մեծ ճգնաժամին, 1920 թ. սկզբին ԱՄՆ փախած հայերի կյանքին, ինչպես նաև նոր արվեստին, որը ձևավորվել է մեծ ճգնաժամի և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու տարիներին ցեղասպանությունից մազապուրծ փախած և ԱՄՆ-ում ապաստանած արվեստագետների կողմից:

Հայրը, մայրն ու Վանը

Արշիլ Գորկին ծնվել է 1902 թ. (ըստ քրոջ` Վարդուշի` 1904 թ. ապրիլի 22) Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում: Մկտության անունը Մանուկ Ոստանիկ Ադոյան է: Մանուկը պապիկի անունն է, իսկ Ոստանիկը` մոր` Շուշանի գյուղի (ներկայիս Գևաշն է): 1921 թ., երբ ընդունվում է Բոսթոնի Գեղարվեստի և դիզայնի դպրոց, 19 տարեկան հասակում փոխում է Մանուկ Ոստանիկ Ադոյան անունը` դառնալով Արշիլ Գորկի: Մանուկը Գորկի ազգանունը վերցնում է ռուս գրող Մաքսիմ Գորկու ազգանունից, ում պաշտում էր, իսկ Արշիլ անունը ուղերձ էր իր հայկական ծագմանը, որը ստիպված էր թաքցնել. Արշիլ անունը Արշակ, Արծրուն, արծիվ անունների պես սկսում էր «ար» տառերով:

Ինչու՞ է մարդ փոխում իր անունը: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է իմանալ Արշիլ Գորկու պատմությունը, ավելի ճիշտ` նայել Թուրքիայի պատմության ամենամութ ժամանակաշրջանին: Մանուկը անունը կորցնելուց շատ առաջ կորցրել է հորը` Սեդրակին: Հողագործ հայրը` Սեդրակ Ադոյանը, 1908 թ., այդ ժամանակաշրջանում շատ հայ տղամարդկանց պես, օսմանցիների նշանակած չափազանց բարձր հարկերը վճարելու համար աշխատելու նպատակով գաղթել է ԱՄՆ և  այլևս Վան չի երադարձել: Իսկ Մանուկի երկրորդ անունը` Ոստանիկը, մնաց 1915 թ. ցեղասպանության ժամանակ ավերված ու թալանված Վանի ավերակների տակ: Մանուկի մայրը` ոստանիկցի Շուշանը, հայկական տեղահանությունների և կոտորածների ժամանակ Վանի ինքնապաշտպանության շնորհիվ փրկվել է, սակայն երբ ռուսական բանակը Վանից դուրս է եկել, բոլոր հայերի նման նա էլ ստիպված էր երեխաների հետ միասին լքել Անատոլիան (ԱրևմտյանՀայաստանըԱկունքիխմբ.): Շուշանը Վանից ներկայիս Հայաստանի կազմում գտնվող Էջմիածին ընկած 200 կմ ճանապարհն անցնելուց մի քանի տարի անց ռուս-թուրքական պատերազմի և Թուրքիայի սահմանը փակվլու պատճառով Հայաստանում ստեղծված մեծ սովից մահացած 200 հազար մարդկանցից մեկն էր, թաղվել է ընդհանուր գերեզմանոցում:

Գորկու նկարներում` հետին պլանում, դռան արանքում, նկարներից դուրս եկող, հեռացող հազիվ նշմարվող տղամարդու ուրվականի պատկերումը մեկնաբանվում է որպես հոր հանդեպ տածած զայրույթ (Գորկին կարծում էր, որ հայրն իրենց լքել է):  Մոր հանդեպ կարոտը պատկերել է «Նկարիչը և իր մայրը» կտավում, որը սկսել է նկարել 1926 թ.: Գորկին կտավում, որտեղ պատկերել է ցեղասպանությունից առաջ ԱՄՆ հորն ուղարկելու համար մոր հետ նկարված լուսանկարը, չի նկարել մոր ձեռքերը: Արվեստի պատմության մասնագետները սա մեկնաբանում են տարբեր կերպ. Գորկին կամ չի կարողացել պատկերել մոր ձեռքերի ջերմությունն այնպես, ինչպես ցանկացել է, կամ էլ ձեռքերը չի նկարել, քանի որ նկարում չի կարողացել ապահովել ամբողջականությունը: Գորկու նկարներում պատկերված են այլևս չտեսած Վանի գույները, այգիները, Աղթամարի որմնանկարները («Նկարիչը և իր մայրը» կտավը նմանեցնում են եկեղեցու Աստվածամոր որմնանկարին), խաչքարերը:

Ապրել է կեղծ անցյալով

Մանուկն, ով ցեղասպանությունից հետո փախել էր Երևան, այնուհետև` 1920 թ. ԱՄՆ, ինչպես ռուսական ղեկավարության տակ գտնվող Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում «այն հայերից» էր, ում մատով էին ցույց տալիս: Այնպես, ինչպես այսօր մայրերն իրենց երես առած, ճաշը չուտող երեխաներին Աֆրիկայի երեխաներին են օրինակ բերում, 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ի մայրերը ճաշը չուտող երեխաներին վախեցնում էին` ասելով` «Կեր, թե չէ հայ կդառնաս»: Իսկ Բոսթոնում նկարչության մասնավոր դասերի առաջին ուսուցիչը Մանուկին ասել էր, որ հայն ԱՄՆ-ում չի կարող նկարիչ դառնալ: Գերմանացիներին ու ռուսներին վայել էր նկարիչ լինելը, իսկ հայերի տեղը հյուղակ գործարաններն ու ածխահանքերն էին: Մանուկն ակադեմիա ընդունվում է Արշիլ Գորկի անունով, բոլորը նրան ճանաչում էին որպես Ռուսաստանից փախած վրացի, գրող Մաքսիմ Գորկու հեռավոր բարեկամ: Գորկին Ժամանակակից արվեստի թանգարանին տված իր ինքնակենսագրականում գրել է, թե ծնվել է Նիժնի Նովգորոդում, երեք ամիս աշխատել է ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկու մոտ: Արվեստի շրջանակ անցել է կեղծ անցյալով: Այդպես է ընդունվել:

Գորկին փրկվել է 1915 թ. ցեղասպանությունից, նա վերապրել է ցեղասպանությունը, սակայն Գորկու արվեստի նկատմամբ անարդարացի կլինի պատմությունը քննել լոկ ցեղասպանության տեսանկյունից, անձնական պատմությունը ողբերգականացնել: Սեզանից, Պիկասոյից և Միրոյից ազդված Գորկին, ում առաջին գործերում զգացվում է այս երեք նկարչի ազդեցությունը, 1940-ական թթ. կեսերին Նյու Յորքում ձևավորված աբստրակտ էքպրեսիոնիզմի հայտնի անուններից մեկն էր:

Արվեստ, որը ձևավորել են սփյուռքները

Աբստրակտ էքսպրեսիոնիզմն ընդունվում է որպես առաջին ամերիկյան արվեստի ուղղություն: Արվեստի կենտրոնը Փարիզից տեղափոխվում է Նյու Յորք: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հին Եվրոպայից հետո Նյու Յորքը դառնում է աշխարհի նոր արվեստի կենտրոն: Գերմանիայում և Ֆրանսիայում նացիստների ցեղասպանությունից փախած գրողները, բանաստեղծները, նկարիչներն ու մտավորականները հավաքվում են Նյու Յորքում: 1940-ական թթ. Նյու Յորք փախած անուններից են` Ժոզեֆ Ալբերս, Հանս Հոֆման, սյուրեալիզմի հիմնադիր Անդրես Բրետոն, Մաքս Էրնստ, Ռոբերտո Մատտա, Ֆերնանդ Լեժե, Փիթ Մոնդրիան. նրանք մեծ դեր են խաղացել ԱՄՆ-ում սյուրեալիզմի և կուբիզմի գաղափարի ու արվեստի տարածման և զարգացման մեջ: Կարելի է ասել, որ աբստրակտ էքսպրեսիոնիզմը արվեստի ուղղություն է, որը ձևավորել է սփյուռքներ:

Գորկին ևս այս շրջանակում է: «Արշիլ Գորկի. սև հրեշտակ» գրքում օգտագործված մի նկարում, որը լուսանկարել են Բրետոնի պատվին մատուցված ճաշի ժամանակ, սեղանի գլխին նստած է Անդրե Բրետոնը, հյուրերի շարքում են նաև Նյու Յորք փախած առաջին սյուռեալիստներից Նիկոլա Քալասը, նացիստների կողմից ձերբակալված, հետո բանտից ԱՄՆ փախցրած և այնտեղ ապաստանած սյուռեալիստ նկարիչներից Մաքս Էռնստը, սյուռեալիստ ճարտարապետ Ֆրեդրիկ Քեյսլերը, չիլիացի սյուռեալիստ նկարիչ Ռոբերտո Մատտան, 20-րդ դարի հայտնի արվեստագետներից Մարսել Դյուշան, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրել է փոփ արվեստի և կոնցեպտուալ արվեստի հիմքերը:

Հոլոքոստի ժամանակ ԱՄՆ գաղթած նկարիչներից առաջ այստեղ փախած Գորկին Եվրոպայի և ԱՄՆ-ի արվեստի միջև կամուրջ է հանդիսացել: Գորկին ազդվել է իր մտերիմ ընկեր Անդրե Բրետոնի գաղափարներից, սակայն ինչպես ինքը` Բետոնն է ասում, նա 1940-ական թթ. սկզբին զարգացրել է իր սեփական ոճը, որի օրինակներից է «Պարտեզներ Սոչիում» կտավը»:

Իր նկարներում կիրառած տեխնկայի հետ միասին նկատելի են նաև պոետիկ ամբողջությունն ու լիրիկական զեղումները: Գորկին իր ժամանակակիցներից առանձնանում է նկարելու ոճով, արատահայտությամբ, նրբությամբ և նկարներում առկա խորքայնությամբ: Գորկու արվեստը Ամերիկայում գլխավորել է մոդեռնիզմը` դառնալով 21-րդ դարի ամենակարևոր արվեստի ուղղություններից մեկը: Նրա ստեղծագործությունների հետին պլանում ընկած է հարուստ հայկական մշակույթը, որը վերափոխել ու վերակազմել է կորուստ և ցավ ապրած, ցեղասպանությունից մազապուրծ փախածը: Գորկու ժամանակակիցներն ու միևնույն ժամանակ մրցակիցներն են Մաթթան, Ջեքսոն Փոլլոքը, Վիլլեմ դե Քունինգը, Ռոտկոն, Ֆրանս Քլայնը, Քլիֆֆորդը, Բարնեթ Նյումանը, Ֆիլիպ Գուստոն: Վիլլեմ դե Քունինգը մեկն է նրանցից, ով կրել է Գորկու արվեստի ազդեցությունը:

Գորկին 40 տարեկանից հետո ծանր հիվանդություններ է տանում, կինը` Ագնես Մակգրոդերը, նրան դավաճանում է իր ամենամտերիմ ընկերոջ հետ: Ավտովթարի ժամանակ կոտրում է վիզն ու գամվում անկողնուն: Բոլոր այս ողբերգությունների պատճառով ապրած մեծ անկման արդյունքում 1948 թ. հուլիսի 22-ին ինքնասպանություն է գործում` թողնելով «Մնաք բարով, սիրելիներս» նամակը:

Ինչպես Վիլիամ Ֆեյվերն է գրում 2010 թ. փետրվար ամսվա «The Guardian»-ի համարում, Մանուկ Ոստանիկ Ադոյանը կամ էլ Արշիլ Գորկին «Ամերիկայի ամենամեծ նկարիչներից մեկն է»: Իր կենդանության օրոք նկարները գնել և ցուցադրել է Ժամանակակից արվեստների թանգարանը: Գորկին իր արվեստով ներշնչել է ոչ միային իր ժամանակակիցներին, այլև` հետագա սերունդներին, նրա ստեղծագործությունները կրկնօրինակվել են, կտավները ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի թանգարաններում:

Նկարներ, որոնք արվեստի պատմության մեջ հետք են թողել

Արշիլ Գորկու հայտնի ստեղծագործություններից են`

  • Նկարիչնուիրմայրը , մոտավորապես 1926-1942 թթ., Վաշինգտոնի Ազգայիարվեստի պատկերասրահ
  • ՊարտեզներՍոչիում, 1941 թ., Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարան
  • Ջրվեժ,1943 թ., Լոնդոնի Թաթեի պատկերասրահ
  • Աքլորի լյարդն ու կատարը, 1944 թ., Ալբայթ Քնոքս պատկերասրահ
  • Գայթակղիչի օրագիրը, 1945 թ., Նյու Յորքի Ժամանակակաից արվեստներ թանգարան
  • Ածխացած սիրելիներ 1, 1946 թ., Լոս Անջելեսի Դեյվիդ Գեֆֆենի հավաքածու
  • Գությանը և երգը, 1947 թ., ՕհայոԱլենի անվան արվեստի թանգարան
  • Հոգեվարք , 1947 թ. Նյու Յորքի Ժամանակակիցարվեստներիթանգարան

Նյութի աղբյուրը