Image_3365  

Արշիլ Գորկին արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից է: Գեղարվեստական ձևամտածողությամբ արևմտյան 
ժամանակակից արվեստից սերող նրա ստեղծագործությունն 
ամբողջովին ներթափանցված է հայկական ոգով: 
 
Արշիլ Գորկին (իսկական անուն- ազգանունը՝ Ոստանիկ Ադոյան) 1925 թ-ին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը: 
1915 թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի): Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը և ստեղծել դպրոց: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (լուսանկարից՝ 1928–32 թթ.), նատյուրմորտներ և բնանկարներ: 
1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Այգիներ Սոչիում» (1938 թ., նկարաշարի նախկին անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943 թ.), «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944 թ.), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944 թ.), «Հոգեվարք» (1947 թ.), «Արորը և երգը» (1947 թ.), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
1938 թ-ին Գորկին Հայաստան է ուղարկել 4 կտավ, իսկ 1941 թ-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում 2 կտավ է նվիրել` ի նպաստ Կարմիր բանակի: 1946 թ-ին այրվել են Գորկու 30-ից ավելի կտավներ: 1948 թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:
Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր (Ուիթնի ամերիկյան արվեստի, Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և  այլուր, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թ-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը: