newspaper_press4

Աննախադեպ զարգացում ապրեց հայկական մամուլը։ Եթե 19-րդ դարի առաջին կեսին հրատարակվել էր ընդամենը 30, դարի երկրորդ կեսին՝ 246 անուն թերթ ու ամսագիր, ապա 20-րդ դարի սկզբին այդ թիվը հասավ շուրջ 600-ի։ Հայ պարբերական մամուլի հիմնական կենտրոններն են դառնում Թիֆլիսը և Կոստանդնուպոլիսը։ Թիֆլիսում հրատարակվում էին «Մշակ» օրաթերթը, «Մուրճ» ամսագիրը, «Նոր դար», «Փորձ», «Արձագանք» և այլ պարբերականներ։ Կոստանդնուպոլսում լույս էին տեսնում «Մասիս», «Մեղու», «Արևելք» օրաթերթերը։ Փարիզում հրատարակվում էին «Արևելք» ու «Արևմուտք» պարբերականները։ Բազմաթիվ թերթեր էին լույս տեսնում Զմյուռնիայում, Մոսկվայում և այլ քաղաքներում։ Գրիգոր Արծրունու «Մշակ» թերթը լուրջ ազդեցություն ունեցավ ժամանակի առաջավոր, հայրենասեր երիտասարդության վրա։ Լայն ճանաչում գտած պարբերականների կողքին դարասկզբին աչքի ընկան Արշակ Չոբանյանի «Անահիտը» (Փարիզ), Գարեգին Լևոնյանի «Գեղարվեստը» (Թիֆլիս)։ Մանուկների սիրելի հանդեսը դարձավ «Հասկերը»։ Դարի վերջին տասնամյակներում հրապարակ եկավ կուսակցական մամուլը՝ Հնչակյան կուսակցության օրգան «Հնչակը», Հայ հեղափոխական դաշնակցության պաշտոնական թերթը՝ «Դրոշակը», և այլ պարբերականներ։ Մարքսիստական գաղափարախոսությամբ տոգորված սոցիալ-դեմոկրատական մամուլի օրգաններն էին «Պրոլետարիատը», «Կայծը», «Նոր խոսքը» և ուրիշ թերթեր։ Կուսակցական մամուլը արծարծում էր հայ ժողովրդի ազգային և սոցիալական ազատագրության խնդիրները, միաժամանակ քարոզում իրենց կուսակցությունների գաղափարախոսությունը։ Հայ պարբերական մամուլը վիթխարի դեր կատարեց հայ հասարակական-քաղաքական մտքի, գիտամշակութային կյանքի զարգացման, եվրոպական քաղաքակրթության արժեքները հայ իրականության մեջ տարածելու գործում։