Hamo-Sahyan9A-300x196Կորուստ-կորստի ետևից է գալիս: Մեծերը ասպարեզից հեռանում են: Տերյանի խոսքով ասած, մեծ ու ավագ՝ «մենք բոլորս մանուկներ ենք որբ» և այդ ավագի կարիքը զգում ենք: Երախտագիտությամբ ենք միշտ հիշում բոլոր նրանց, ովքեր մեզ, մայրական կրծքից սկսած, մի բան տվել են: Մայրական կուրծք են տվել, լեզու սովորեցրել, մեր ուսուցիչները նրանք են, մեր մայրերը, մեր հայրերը նրանք են, ովքեր մեզ լեզու են տվել: Եվ մեր մոր չափ երախտագետ եմ ես, և մենք բոլորս՝ ընթերցողներս և գրողներս, նրանց առջև, ովքեր որ այս մեծ աշխարհի առաջ մեզ օժտել են լեզվով, այս մեծ երևույթների, այս անընդգրկելի ծանր վերքերի, բարդ, սպանիչ, ցնցող, խորը երևույթների առաջ մեզ համր չեն թողել: Մեզ լեզու են տվել: Միշտ երախտագիտությամբ եմ հիշում նրանց: Կամ այլ գրականությունների և լեզուների մեջ մարդիկ կլինեն, որոնք մեզ հրում գցում էին այս աշխարհը, կամ մերոնք կլինեն՝ յուրայինները: Յուրայիններիս առջև երախտագիտության զգացումը բնականանաբար շատ ավելի զորեղ բան է: Ուզում ես դու էլ, քո ազգն էլ, քո ժողովուրդն էլ աշխարհի զորեղների մեջ մի բան ասի: Սահյանի խոսքերով ասած՝ «Աշխարհի այս մեծ համերգի մեջ չհամրանալ»: Ահա, եթե այսօր ես և իմ գործընկերները, գրչեղբայրները համր չենք, ինչ-որ չափով Համո Սահյանի շնորհիվ է: Ինչպես և ինքը համր չեղավ իր ժամանակի մեջ, իր ժամանակի կյանքի առջև, իր նախնիների շնորհիվ, նրանք էլ՝ իրենց նախնիների շնորհիվ: Ռազմիկ Դավոյանի տողերով՝ «կարծես սխալ ճանապարհով չենք գնում», որովհետև մեր ճանապարհին հանդիպում ենք մեր հայրերին, մեր մեծերին: Մեր մեծերից մեկը ինքն է: Իմ պատանի տարիներից սկսած՝ Ակսել Բակունցը, Չարենցը արգելքի տակ էին, չկային: Սպիտակ մամուլ էինք ստանում: Շատ բան էր գրված, բայց ոչինչ էլ գրված չէր: Եվ ահա այստեղ, եթե տողեր էին առկայծում, լեզվավարժություն կար, եթե մի բան էր սովորեցնում, առաջին հերթին Համո Սահյանի բանաստեղծությունն էր: Պարույրը դեռ չէր պոռթկացել, Պարույրը դեռ չկար: Համո Սահյանի մոտ շատ բան դուր էր գալիս, բայց բաներ էլ կային, որ դուր չէին գալիս: Բայց դուր եկածի մասին խոսենք: «Որոտանի եզերքին» հրաշալի շարք կար, որ ինքն իրեն սովորում էիր, բերանացի էիր անում: Մի անգամ, երբ դա հիշեցի, երբ իմ երախտագիտությունը, իմ սերը ասացի Մահարուն, Մահարին ասաց. «Դրա մեջ ես էլ վաստակ ունեմ»: Ուրեմն, Մահարին, Սահյանը, նվաստս, հետո մեկ ուրիշը՝ իրար տալով, իրար հարստացնելով միասին ճամփա ենք գնում: Մի խոսքով՝ գրականություն էի գալու: Այդ տանը, այդ հովտում, այդ երկրում մի մարդ կար, որ ինձ հրավիրում էր գրականություն: Դա առաջին հերթին Համո Սահյանն էր: Կրկնեմ, որ Պարույրը դեռևս չկար, Մահարին աքսորից չէր եկել: Չարենցը, Բակունցը չկային, չէին վերադառնալու, նրանց սքանչելի հատորները, որ հիմա գրասեղանիս են, դեռ չկային: Իսկ պաշտոնական գրականության այն գրողները, որոնց պաշտոնականության պատճառով ուրացվում էին նրանց իրական արժեքները՝ Նաիրի Զարյան, Ստեփան Զորյան- նրանք մեր գրականության արժանի մշակներից էին և իրականում ընդդիմություն էին, բայց քանի որ կառավարությունից հովանավորվող անհատներ էին՝ ժողովրդի կողմից մերժվում էին: Ահա այստեղ մի գրականություն էր արվում, որն առաջին հերթին Համո Սահյանին էր: Էմինին չեմ մոռանում, նրա հրաշալի «Նորք» ժողովածուն՝ 49 թվի: Շիրազին չեմ մոռանում՝ իր «Բիբլիականը» հրաշալի: Ինքը ոչ Էմինի, ոչ Սիլվա Կապուտիկյանի, ոչ մյուսների շռնդալի մուտքը չէր ունեցել մեր գրականության մեջ: Բայց ահա պարզվում է, որ դա էլ բախտավորություն չէ: Ֆոլկները մի արտահայտություն ունի՝ Շերվուդ Անդերսոնի մասին է, որը դժբախտություն ունեցավ հենց առաջին թափով ստեղծելու իր գլուխգործոցը: Նրանից հետո անկում էր, էլ չկարողացավ այդպես գրել: Մեզանում էլ այդպիսի բաներ եղել են: Մկրտիչ Արմենը «Հեղնար աղբյուրը» գրեց ու էլ ոչ մի բան չգրեց: Ուրիշների հետ էլ է այդպես եղել… Գեղեցիկ մտքեր են եղել, որ գրական տիտաններ էին մեծանալու, բայց տիտանը չի առաջացել, մեծ գրողը չի առաջացել: Հրաշալի հայտ տվել էր Համո Սահյանը «Որոտանի եզերքը» շարքով և մնացածը կիսատ գործեր են: Կարող եմ լեզվի շքեղությունը շեշտել, շատ բան շեշտել, բայց նահանջ կար մեջը: Բայց որովհետև պոետ ծնված մարդ էր, ցեց կար մեջը, ինքն իրենից գոհ չէր, ինքը իր Աստծո առաջ այդ չէր խոստացել, որ այդքանը պիտի տա ու վերջանա: Հետո կամաց-կամաց բացվեց, զորեղացավ, մեծացավ: 50 տարեկանում բանաստեղծ չեն դառնում, եզակիների հետ է դա պատահում: 50 տարեկանում բանաստեղծ դարձավ: Առաջին անհաջողություններից հետո խոշորացավ, մեծացավ, դարձավ իսկական պոեզիայի նորոգիչ և մեր պոեզիայի փառք: Խելոք մարդ էր, ճշգրիտ մարդ էր, գյուղի ցավը չէր մոռացել: Ասեմ, որ այսօր ամբողջ աշխարհում և մեզանում հույժ կարևոր թեմաներ, կնճռոտ պրոբլեմներ առաջինն արծարծողը ինքն է եղել: Որ էկոլոգիական հարցերի առաջ այսօր մենք պապանձված չենք՝ որ կորչող բնության, կորչող ազգի, ազգային բնավորության, մեծ մասամբ իր շնորհիվ է: Ինքը թեմա արծարծեց. սա փոքր բան չէ: Կարելի է գեղեցիկ բաներ գրել, կարելի է նաև թյուրիմացաբար կամ փոքր շեղումներով մեծ հռչակվել, բայց դրանք չեն իրական մեծերը: Իրական մեծերը նրանք են, ովքեր իսկապես աշխարհ են ստեղծում: Աշխարհ ստեղծել. «աշխարհ ստեղծող» բառերի հետ չխաղանք… Աշխարհ են ստեղծում նրանք, ովքեր փիլիսոփայական ստույգ հայեցակետ ունեն, և բոլոր կերպարները, տեխնիկան, անելու կերպը և արածը ծառայում են աշխարհ ստեղծելուն: Համո Սահյանի բանաստեղծությունը շարվում է մի գծի վրա, որոնք իր աշխարհի սահմանասյուններն են: Հավերժորեն մնալու է բնությունը, բնության առաջ մեր պարտականությունը, մեր ցավը, և հավերժորեն մնալու է ինքը՝ մեր նահապետը: Նրա ծնունդը, կամ իր բառով ասած զուգհաջորդը՝ բնությունից ելած, քարից ելած, քարի շարունակությունն են. դեպի պոեզիայի, դեպի լույսի, արևի, դեպի կատարելության ձգտող բնության խոսող մասը, իմաստային, ինքն իրեն իմաստավորող մասը: Ինքն է բացել այդ աշխարհը, այդ գեղեցիկ աշխարհը: Ինքն է բացել և մնալու է եզակիորեն անկրկնելի: Ուրիշ ոչ ոքի վրա ես ստվեր չեմ գցում: Նրանք իրենց նախադեպերը ունեն: Շիրազը կլինի, Էմինը, Սիլվա Կապուտիկյանը: Համոն խոպան եկավ, խոպանի յուրացումը իրենն էր: Գյուղը գիտեր գյուղատնտեսի չափ: Անասնապահությունը գիտեր, գյուղացուն գիտեր: Գյուղացու վերաբերմունքը առ անասուն գիտեր (նա անասուն բառը չէր ասի): Նա մանրամասներ էր պատմում գյուղից, որ ես ստիպված էի «այո» ասել, բայց դա իր նկատածն էր: Ասում էր՝ պատահե՞լ է, որ դու շրջկոմի քարտուղարի ձին երկու արտերի արանքում արածացրել ես: Արտերը ցանված են, չնայած կոլտնտեսությանն էին, բայց դրանք քոնն էին, դու գյուղացի ես: Չէր կարելի թողնել, որ ձին արտը արածի: Այդ անփույթ, թափթփված վերաբերմունքը չկար այդ գյուղացի տղայի մեջ, և դու, ձիու սանձը բռնած, երկու արտերի արանքում արածացնում ես: Սա հարցի մի կողմն է: Կա շարունակությունը: Ձին կշտանում էր, դու էլ ես հետը կշտանում: Ձիու կողը ուռչում է, կողը կլորանում, գեղեցկանում է ձին: Ձիու կշտանալու հետ գյուղացի սոված երեխան էլ է կշտանում: Անգամ սա գիտեր: Կենցաղային այդ մանրամասներից մինչև գյուղացու ազնվականությունը: Պատահական արտահայտություն չէ սա՝ իր արտահայտոթյունն է: Հոր ազնվականությունը, Խաչի պապի ազնվականությունը: Բայց Խաչի պապի մասին չէր խոսքը. առհասարակ հայ հալիվորի մասին է խոսքը: Նահապետական, էն լավ պետական հալիվորի մասին, որ ամեն մեկը մի պետություն էր մեր երկրում: Ամեն մի տուն մի պետություն էր՝ իր զինական ուժով, փայտը ձեռի կռվարար չոբանով, իր շներով, իր հարսներով, աղջիկներով, որոնք գորգ ծեծելուց մինչև ամեն ինչ անել գիտեին: 7-8 տարեկանում արդեն հասած մարդիկ էին: Նա այդ ամենը գիտեր և դրա արտահայտիչն էր լինելու: Դա թեմա էր դարձնելու՝ իր հետևից բերելով ուրիշներին, որոնցից մեկն էլ ես եմ: Հետո նկատեցի, թե ինչն է իր մի շրջանի բանաստեղծությունների մեջ վանողը: Իր ներկայությամբ խոսել եմ, հիմա էլ խոսենք: Բաքվում ապրել էր երկար: Ստրկության մեջ, վերջին հաշվով՝ բռնակալության մեջ բռնակալություն, բանտի մեջ բանտ: Թուրքի աչքը միշտ վրան: Եվ ինչ որ արևելյան երանգ կար, որ այնուհանդերձ, բուն հայ պոեզիայի համար մերժելի էր: Հետո իր ընդդիմախոսները երկար ժամանակ փորձում էին ուղղորդել մեր հայացքը դեպի այդ թերությունը, որն ինքը գիտեր, որն իր տաղանդավոր ժամանակակցի՝ Թաթուլ Հուրյանի մոտ էլ կար, որ վերադարձից հետո սրբագրելու էր: Ավելի ուշ մի գեղեցիկ խոստովանություն արեց, որն իրեն Մարտիրոս Սարյանն էր պատվիրել: Ասել էր. «Համո՛, էդ ապիկարների ձեռքից էդ ներբողները, կուսակցության, երկրի գովքը պիտի խլենք: Վերջին հաշվով նրանք հայոց լեզուն աղտոտում են: Հայոց լեզուն պիտի մաքրենք»: Այդ էլ ինքը պիտի գեղեցիկ աներ: Բայց ինչ-որ արևելյան երանգ կար, որ ինքը հետո թոթափեց: Մտածում եմ, որ ինքը մեր ամենամաքուր զտության բանաստեղծների կողքին, որպես հավասար մեծություն է կանգնում: Բանաստեղծներ, որոնք բերել են հայկականը՝ 99 ու 99 ոսկին: Էդ Տերյանի «Նաիրյան» շարքն է, Զորյանի լավագույն պատմվածքները, Ակսելի երկրորդ շրջանի գործերը՝ 30-ականներից հետո: Էն որ ասում ենք հայկական: Ես դրան ասում եմ խունացած գույների, հայկական ու հայ ելևէջի բանաստեղծություն: Դա բանավոր խոսքով դժվար է ձևակերպել, դժվար է ասել. այն վառվռուն չպիտի լինի: Ինքը խոնարհ բանաստեղծություն պիտի բերեր, պիտի միտեր դեպի այդ: Նա դա անում էր իր երկրի նման, իր ժողովրդի նման, իր լուռ գյուղացիների նման: Ասում ենք հայրենասիրություն՝ ուղիղ կոչի Բանաստեղծություն: Էդտեղ ինքը վերջիններից չէ: Ինքը հրաշալի բանաստեղծություններ ունի: Կատակով ես նույնիսկ իրեն ասում էի՝ մայիսի մեկին քիչ է մնում ես ու դու մտնենք թախտի տակ, ականջներս էլ խցանենք, որովհետև քո բանաստեղծությունները Հայաստանով մեկ, հրապարակով մեկ աղմկում են: Այդ ուղիղ կոչի հայրենասիրությունը իր հերթին, բայց իր արածը ավելի մեծ է, քան հայրենասիրությունը: Իր արածը հայրենաստեղծություն է: Որպեսզի միտքս պարզ լինի, ասեմ: Թումանյանի «Անուշը» և հայրենասիրական մի անավարտ պոեմ ունի, տարօրինակ է, բայց դա չի կայացել (Արևմտյան Հայաստանի, եղեռնի, երկրին օգնելու մասին): Վատ չի արել, բայց էդքան էլ չի ստացվել: Բայց ահա «Անուշը», որտեղ հայրենասիրության մասին խոսք չկա, ընդհակառակը, վատ բաների մասին է՝ Մոսին Սարոյին սպանեց, Անուշը խելագարվեց: Վատ բաների մասին է, բայց պայծառացած ես այդ գործից դուրս գալիս, որովհետև ծնունդի ես ներկա լինում: Գեղարվեստը կայանում է: Պոեմը կայանում է: Լուսավոր թախիծով, լուսավոր ժպիտով՝ ես այդ գործից դուրս ելնում, որովհետև մեռելածին գործ չէ: Որովհետև ծնվեց սքանչելի մի գործ, որը դարերով քանի կա հայոց լեզուն, հայոց լեզվի հետ հոսելու է, գնալու է… Այդպես էլ ինքը: Որ ասում ենք՝ Ոսկեբերան է, ոսկեբերան է: Վատ բաների մասին է խոսում, բայց վատ չես զգում: Ուրիշները՝ միջակությունները, լավ բաների մասին են խոսում, բայց վատ ես զգում, որովհետև ծնունդը չի կայանում, գործը չի ծնվում, մեռելածին է: Բանը չի կայանում, Աստծու խոսքը չի կայանում… ————————————————————- 1994 թվականն էր. մի քանի ամիս էր անցել Համո Սահյանի մահվանից: Հրանտին խնդրեցի խոսք ասել Համոյի մասին: Սիրով համաձայնեց: Ձուրտ ու մութ տարիներն էին: Պայմանավորվել էի նկարահանումը կատարել ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի աշխատասենյակում: Այնտեղ էլ ցուրտ էր, բայց` հարմար: Հրանտը նկարահանման գալու համար իր տնից ընդամենը երկու հարկ պիտի իջներ: 20 տարվա վաղեմություն ունեցող այս տեսագրության ձայնագրությունը առաջին անգամ եմ հանձնում հանրության ուշադրությանը: Խոսքը վերծանելիս հավատարիմ եմ մնացել Հրանտի ասած յուրաքանչյուր բառին ու տառին: Ես նախանձում եմ նրանց, ովքեր առաջին անգամ են կարդալու և վայելելու Հրանտի խոսքը: Միաժամանակ ափսոսում եմ, որ չեն տեսնի նրա կենդանի պատկերը, մասնակից չեն լինի միտքն ավելի պարզ դարձնելու համար անհրաժեշտ ու միակ ճիշտ բառ գտնելու նրա քիչ նեղսրտած, բայց շատ ավելին ասող լռությանը: Այո, չեն տեսնի, բայց հավատացած եմ` տողատակին անպայման կլսեն նրա ձայնը: Մաթևոսյանի խոսքը Այստեղ ավարտվում է տեսաժապավենը, և ընդհատվում է նաև նրա խոսքը: Ջուլիետա ԿԱԺՈՅԱՆ – See more at: http://www.grakantert.am/%D5%B0%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF-%D5%B4%D5%A1%D5%A9%D5%A5%D5%BE%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B8-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB/#sthash.ZIgC5TgM.dpuf