7-charenc

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱն

Ճիշտ 115 տարի առաջՙ 1897 թվականի մարտի 13-ին, մեր մեծ հայրենիքի Կարս քաղաքի բնակիչ Աբգար աղայի «անտաշ քարով» շինված տան վրա աստղ իջավ, ի դեմս Եղիշե Սողոմոնյանի, հետագայումՙ բանաստեղծ Չարենց, հայոց բազմադարյան գրականության ամենապայծառ աստղերից մեկը:

Եղիշե Չարենցի կյանքի ժամանակը, որ համընկավ հարազատ ժողովրդի ողբերգական իրադարձություններով հարուստ ճակատագրին, պայմանավորեց եւ ուղենշեց նրա ամբողջ ստեղծագործության բովանդակությունը: Այդ ժամանակը կարելի է բնորոշել մեկ բառովՙ ցեղասպանություն: Մենք երբեմն նեղացնում ենք հայոց ցեղասպանության ժամանակային տարածությունըՙ այն ամփոփելով 1915 թվականի մեջ: Այս 1915-ը պետք է ընկալել իբրեւ Օսմանյան կայսրության հայկական ու հայաբնակ արմատական հողերում տարիներ շարունակ պարբերաբեր իրագործվող ցեղասպանության գագաթնակետային ժամանակ, երբ ոչնչացվեց հայերիս հոգեղեն սերուցքի մի զգալի մասըՙ գրողներ, ուսուցիչներ, գիտնականներ, խմբագիրներ, ֆաշիստական նպատակ ունենալով հայ ժողովրդին ցեղասպանել ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեւորՙ քրիստոնեական հավատքը, մշակութային ու հոգեղեն-մտածական շնորհները: Իսկ ցեղասպանությունը տեւեց շուրջ երեք տասնամյակՙ 19-րդ դարի վերջում Ադանայի ու այլատեղ զանգվածային ջարդերից, որոնց ընթացքում սպանվեց շուրջ 300 հազար հայ, 100 հազարը բռնի մահմեդականացվեց, մինչեւ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի պաշտպանական հերոսամարտերը, նահատակվեց երկու միլիոն հայ, վերապրողներից էլ սկիզբ առավ Սփյուռք անօրինակ աշխարհն աշխարհի մեջ:

(Քանի որ գտնվում եմ Լիբանանում, եւ ոչ միայն այդ պատճառով, խոսքս ընդմիջեմ մի փաստի հիշատակությամբ. 1997 թվականի մայիսի 3-ին Լիբանանի Հանրապետության Խորհրդարանը բանաձեւ ընդունեց յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը համարել հայ ժողովրդի հետ միասնության օր: Եղբայրական շնորհակալություն, Լիբանան): Ցեղասպանությունը որակեցի իբրեւ ֆաշիստական գործողություն: Պատահական չէ, որ գերմանա-իտալական ֆաշիզմի արդարամիտ պատմաբանները միանգամայն տեղին նկատել են, որ եվրոպական ֆաշիզմը ոգեւորվել ու դասեր է քաղել Թուրքիայի սանձազերծած հայոց ցեղասպանությունից: «Ավելի պետք է վախենալ հոգին սպանողներից, քան մարմինը սպանողներից»: Սակայն ցեղասպանությունը սպանում էր թե՛ հոգին եւ թե՛ մարմինը, մարդուն ամբողջովին ու վերջնականապես:

Ցեղասպանությունը Եղիշե Չարենցի կյանքի ժամանակն է: Բայց ոչ միայն դա: Նրա կյանքը շարունակվեց տոտալիտար համակարգի պայմաններում, որն ուներ յուրովի ողբերգական դիմանկարՙ նման նախորդ շրջափուլի հանցանշաններին: Ըստ նորօրյա վիճակագրությանՙ գեներալիսիմուսի ղեկավարման տասնամյակներին արդեն նախկին Խորհրդային Միության տարածքներում ավելի շատ մարդ է բանտարկվել, աքսորվել, գնդակահարվել, քան երկրորդ աշխարհամարտում զոհվածների թիվն էՙ շուրջ քսան միլիոն: Չարենցի դրաման խորանում է դրանովՙ վերածվելով ստեղծագործող մարդու համար բացառիկ ողբերգության. նա եւ՛ տառապում էր, եւ՛ լուսավոր ապագայի հույսեր փայփայում: Հոգու այս երկփեղկվածությունը ներկա է նույնիսկ 1936-1937 թվականներին գրված նրա հալածական բանաստեղծություններում, որոնցից շատերը տպագրվեցին տարիներ հետոՙ 1983-ին, Անահիտ Չարենցի «Անտիպ եւ չհավաքված երկեր» հատորում: Չարենցի լավատեսությունը «լուսավոր, պայծառ» ապագայի վերաբերյալ, որքան էլՙ անկեղծ ու հավատով լի, կարծում եմ ուներ ռոմանտիկական գունավորում եւ ցեղասպանությանը հաջորդած տարիներին հայ ժողովրդին վաղվա օրվա հանդեպ հույս-հավատով համակելու եւ ոչ հուսահատեցնելու նպատակ, այնինչ ստալինականության բարոյական, ազգային, սոցիալ-քաղաքական հանցավոր մթնոլորտի բանաստեղծական-պատկերային մերկացումները պայմանավորած էին իրականության ռեալ զգացողությամբ ու խոր գիտակցումով: Հիշենք մի քանի տողեր եւ պատկերագրերՙ գրված 1936 եւ 1937 թվականներին.

«Ո՞ւր ես արդյոք քո սեւ խաչափայտը տանում… Չարչարանքիդ այս սեւ՜ կեսգիշերին…»: «Կրկին կանգնած եմ ես ինքըս իմ դեմ շըվարՙ Անօգնական, մենակ, ինչպես կաղնի հանդում, Ուր ոչ մի ծառ չկա,- ուր տագնապով անդուլ Քամիներն են միայն շաչում դժնի ու հար»: «Հուսահատական ժամերին իմ սեւ…»: «Այլեւս ինչ մնաց քեզՙ խնդրելու կյանքից… Խաղաղություն անխոհ,- մահվան հանգիստ»: «Ընկել ես դու արդեն չարչարանքի ուղի, Ուր ոչ մի սիրտ այլեւս քեզ չի կարող գթալ. Խմիր հոժար կամքով, իբրեւ լեղի մի թաս, Տառապանքիդ բաժակըՙ վաղվա կյանքով հղի»: «Մահվան մոխիր է մովից մաղում… Մտորումներս մահ են, մութ են…»: «Բայց, ա՜խ, քրքջացել է կյանքը երեսիդ,- Եվ երգը տվել է քեզ թույն միայն, սի՛րտ…»: «Մի՞թե փորձանք է մեր կյանքն անհընար,- Սին զառացանք է եւ կյա՛նք, եւ քնա՛ր…» – գրում է Չարենցը խոշտանգումներով մահից ոչ շատ առաջ: Վերջապես մի զարհուրելի պատկեր.«Ատամնաթափ մի մարդ, գանգը նման կապկի, նստել էր կոկորդիս եւ ինձ խեղդում էր…»: Այս տողերից շատերը գրված են գիշերը, անքնության մեջ: Իմանանք նաեւ. «… եւ այսպես,- գրում է բանտարկյալ Չարենցը,- ահա ես, 25 տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան հերկելուց հետոՙ ահա տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը մենա՜կ ու հալածականՙ պոետ աքսորյալ սեփական հայրենիքումՙ հերկի եզերքին հայրենական երգիՙ ամայացած դաժանագույն եռանդով սեփական նախարարների եւ պետերիՙ հայրենի երգակիցների դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո» , ստորագրված էՙ Եղիշե Չարենց, 1937.28. մարտի, գիշեր. այսինքնՙ հանճարի մեծարման այս հանդիսության օրն ու ժամին:

1915-ը եւ 1937-ըՙ Չարենցի կյանքի, 20-րդ դարում մեր ժողովրդի պատմության գլխավոր թվականներն են, դարակազմ ողբերգությունՙ երկու գործողությամբ, որի արձագանքները մեր հոգիներում լսելի են առ այսօր: Ոչ շատ վաղուց ես «Գրական թերթում» հոդված հրապարակեցի «1937» վերնագրովՙ Չարենցի օրինակով փորձելով ցույց տալ անագորույն ժամանակի դեմքը: Այդ դեմքին գույն ու գծեր կան նաեւ Հայաստանի գրական կյանքից, շատ պատեհապաշտ գրողներ, ոգեւորված ընկնելով տոտալիտարիզմի գիրկը, ձգտում էին դառնալ հոգեւոր կյանքի տերերՙ իսկական տերերիՙ Չարենցի, Բակունցի, Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու, Զապել Եսայանի, Լեռ Կամսարի, Մկրտիչ Արմենի եւ այլ իրական գրողների փոխարեն: 1937-ին Գրողների միության ընդհանուր ժողովում մի պատեհապաշտ ճիզվիտական ելույթ ունեցավՙ հայտարարելով, որ Չարենցը քար էՙ ընկած սովետահայ գրականության զարգացման ճանապարհին, ըստ էության, գրականության ու ժողովրդի թշնամի: Այս ելույթը երկրորդական դեր չխաղացՙ բանտարկելու Չարենցին: Մեկ այլ հոդվածում ես նկարագրել եմ Չարենցի բանտային վերջին օրերն ու ժամերը: Մենախցում նա կապկպված է եղել երկաթե սյունին եւ անվերջ բղավել էՙ թմրադեղ խնդրելով: Այդպես կապված էլ հանճարն ավանդել է հոգին հավերժությանը: Չարենցին սպանեց ստալինիզմը: Ֆրեդերիկո Գարսիա Լորկայինՙ իսպանական ֆաշիզմը: «Ժողովրդի թշնամի» հռչակված այս երկու մեծագույն գրողները տարեկիցներ են եւ ճակատագրով եղբայրներ: Մարդկությունը տեսե՞լ էր այսօրինակ մարդատյացությունՙ լուսավորի ու առաջադեմ զարգացումների հանդեպ: Իհարկե: Օրինակՙ Քրիստոսի խաչելությունը, միջնադարյան ինկվիզիցիան, որը խարույկի վրա այրեց Ջորդանո Բրունոյին եւ Ժաննա դը Արկին, շուտով էլ վերջինիս սուրբ կարգեցՙ գնա մեռի, արի սիրեմ աղքատամիտ բարոյականությամբ: Չարենցի սիրելի Ակսել Բակունցը բանտից նամակ է գրում իշխանություններինՙ խնդրելով իրեն չաքսորել, պահել հայրենի բանտում. «Ես,- ասվում է նամակում,- հայ գրող եմ եւ չեմ կարող ստեղծագործել հայրենիքից հեռու»: Տաղանդավոր, միամիտ Ակսել, չիմացավ, որ իրեն շուտով գնդակահարելու են: Ինքնատիպ, հայրենասեր գրող Վահան Թոթովենցին, որ թողեց ապահով Ամերիկան եւ եկավ մասնակցելու հոգեւոր Հայաստանի կառուցմանը, եւ որին մեղադրեցին որպես ֆաշիստ, ստիպում էին ստորագրել մի թխված մեղադրանքի տակ, թե ինքը Թուրքիայի լրտես է: Պետանվտանգության վարչության «ներքին բանտի» իր խցում նա անվերջ բղավում էր. «Ֆրանսիացոց լրտեսՙ ուզենաք կլինեմ, ճապոնացոցՙ կլինեմ, հաբեշների լրտես ուզենաքՙ կլինեմ, թուրքական լրտես չեմ լինի, չեմ լինի, չեմ լինի»: Ինչպե՞ս կարող էր Հովհաննես Թումանյանի կրտսեր բարեկամ, զորավար Անդրանիկի օգնական եւ թարգմանիչ Վահան Թոթովենցը լինել Թուրքիայի լրտես: Եվ գնդակահարվեց: Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Զապել Եսայանը գերեզման չունեցան, ինչպես ցեղասպանության մեծանուն նահատակներ Զոհրապը, Սիամանթոն, Թլկատինցին, Ռուբեն Սեւակը, հանճարեղ Դանիել Վարուժանը: Չարենցի գրչեղբայր Գուրգեն Մահարու գլխագինը շատ թանկ արժեցավՙ բանտեր, հավատաքննություն, տասնութամյա սիբիրյան աքսոր, 30-40-ական թվականների հասարակական ու ազգային ողբերգությունների անքուն հիշողությունները, որոնք ժամանակից շուտ ծերացրին եւ սպանեցին նրան: Ես այսօր իմ սիրելի Մահարուց արդեն տասը տարի երկար եմ ապրում:

Մեր այս գրող նահատակներից յուրաքանչյուրի հոգում, ավելի կամ պակաս չափով, շեքսպիրյան Համլետ կարՙ ազատության ու ճշմարտության ասպետ, եւ նրանք էլ կարող էին հուսահատորեն ասել. «Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ, բախտ իմ դժխեմ, ինչու ծնվեցի, որ հենց ես ուղղեմ»: Համլետը փիլիսոփայորեն հուսահատ է, այնինչ հայ գրողների սրտում թրթռում է իրատես հույսը, որը հայերիս ավանդական վերաբերմունքն է աշխարհին: Ցեղասպանության ժամանակակից Վահան Տերյանը գրում էր. «Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, Արքայական խոսքը մեր կըմնա հավետ» : Իսկ իր վերջին ժամերին Թոթովենցն ասաց. «Հինգ րոպեի դատավարությամբ դատապարտվեցի մահվան. բացարձակապես անմեղ եմ: Կեցցե՜ հայ ժողովուրդը» : Իր մահվան թվականինՙ 1937-ին, Չարենցը գրում է տպավորիչ տողեր իր հալածական հոգու եւ մարմնի հավերժական անպարտելիության մասին.

«Չնչին, ինչպես Արարատին նետած քարՙ

Դավերը սեւ մարդուկների այդ անկար

Օ՜, չհասած քղանցքներին անգամ քոՙ

Վայր են թափվում համայնացած քո կամքով

Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,

Ինչպես անհաս Արարատին նետած քար…»:

Նյութի աղբյուրը