Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գընացին, ճամփաներ։

  • Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են։
  • Քառյակները հասուն շրջանի արդյունք են` իմաստության, վեհության։
  • Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են։
  • Քառյակները մեղմ են, քնքուշ, խորը, շատ սեղմ ու բովանդակալից։
  • Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի։
  • Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

  • Արևը ստվեր չի տեսնում։
  • Հասել ենք մի ժամանակի, երբ բանը գիրքն է, մանավանդ նրա համար, ով որոշ տարածություն անցել է արդեն, –նստի ու պարապի: Ի՜նչ կա ավելի լավ բան, քան գիրքն ու գրականությունը:
  • Գեղարվեստը հայրենիք ունի:
  •  Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
  • Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա:
  • Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն:
  • Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
  • Բանաստեղծի համար մի բառը մի աշխարք է:
  • Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:
  • Անցալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:
  • Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է:
  • Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
  • Մի՞թե դու չես փորձել, էնպես մարդ կա, որ տեսնելիս ուրախանում ես, էնպեսը կա՝ սիրտդ նեղանում է, էնպեսը կա՝ ոգևորվում ես, էնպեսը կա՝ հիմարանում ես:
  • Գրականությունը ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները։

Հովհաննես Թումանյան

            Աղբյուրները՝

1. Քառյակների մասին

2. Քաղվածքներ