erb-ev-inchpes-en-to-na5476-1

Նոր Տարին ինտերնացիոնալ տոն է, սակայն տարբեր երկրներում այն յուրովի են նշում:

Իտալիայում   Նոր տարին սկսվում է հունվարի 6-ից: Իտալացիների մոտ ընդունված է Ամանորի գիշերը պատուհանից դուրս նետել իրենց հին իրերը: Նրանց այդ ավանդույթը շատ է դուր գալիս, և նրանք մեծ ոգևորությամբ նետում են հին արդուկներ, աթոռներ և այլն: Իտալացիները հուսով են, որ հին իրերին անպայման նոր տարում կփոխարինեն նորերը: Իտալացիների համար շատ կարևոր է, թե նոր տարում իրենք առաջինն ում են հանդիպելու. ցանկալի չէ հանդիպել քահանայի կամ երեխայի, հաջողություն է բերում ծերունու հետ հանդիպումը:

Էկվադորում   հետաքրքիր ավանդույթներ կան. եթե ուզում ես ամբողջ տարին ճանապարհորդել, ապա քանի ժամացույցի սլաքները 12-ն են ազդարարում, պետք է ճամպրուկով կամ մեծ պայուսակով վազել տան շուրջը, իսկ եթե ուզում ես հարստանալ, ապա կեսգիշերին պետք է հագնես դեղին գծերով ներքնաշոր, իսկ եթե ուզում ես հանդիպել երկրորդ կեսիդ, ապա ներքնաշորը պետք է լինի կարմիր գծերով: Նոր տարում հաջողություններ ունենալու համար էկվադորցիները պատուհանից նետում են ջրով լի բաժակ, որը կոտրվելով իր հետ տանում է նախորդ տարվա բոլոր դժբախտությունները:

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգի բնակիչները Ամանորի գիշերը պատուհանից նետում են տարբեր իրեր’ շշից մինչև մեծ կահույք: Մայրաքաղաքի ոստիկանությունը մարդկանց կյանքը չվտանգելու համար ստիպված է լինում որոշ շրջաններում արգելել երթևեկությունը, քանի որ երբեմն հարավաֆրիկացիները պատուհանից նետում են նաև սառնարաններ:

Անգլիայում Նոր Տարվա գիշերը երեխաների համար ցուցադրվում են թատերական ներկայացումներ’ անգլիական հին հեքիաթների սյուժեներով, անցկացվում է նաև դիմակահանդես’ հեքիաթների հերոսների մասնակցությամբ’ Հոբբի Հորս, Մարտովյան նապաստակ, Շալտայ-Բալտայ, Պանչ և այլք: Ողջ գիշեր առևտրականները վաճառում են խաղալիքներ, դիմակներ, փուչիկներ և այլն: Հենց Անգլիայում է ստեղծվել շնորհավորական բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորի բացիկը տպագրվել է Լոնդոնում’ 1843թ.: Քնելուց առաջ երեխաները դատարկ ափսե են դնում սեղանին, որպեսզի Սանտա Կլաուսը գիշերը նվերներն այնտեղ դնի:

Իռլանդիայում Ամանորն ավելի շատ կրոնական տոն է, քան պարզապես ժամանցի միջոց: Իռլանդացիները Նոր տարվա գիշերը վառած մոմեր են դնում պատուհանի մոտ: Իռլանդացի կանայք պատրաստում են հատուկ ուտեստ’ seed cake’ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Կոլումբիայում Ամանորի դիմակահանդեսի գլխավոր հերոսը Հին տարին է: «Նա» շրջում է ամբոխի մեջ և ծիծաղելի պատմություններ պատմում երեխաներին: Ամանորի գիշերը Բոգոտայի փողոցներում անցկացվում է նաև տիկնիկների շքերթ:

Վիետնամում Նոր Տարվա խորհրդանիշը, որը պետք է լինի բոլորի տանը, ծաղկած դեղձի ճյուղն է: Վիետնամում Ամանորը նշում են համաձայն լուսնի օրացույցի’ հունվարի 21-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում, երբ արդեն այնտեղ վաղ գարուն է: Բոլորի ամանորյա սեղաններին, բացի ծաղկած դեղձի ճյուղից, պետք է լինեն նաև ծաղկեփնջեր: Ամանորի գիշերը վիետնամցիներն իրենց հարազատներով հավաքվում են այգիներում կամ փողոցներում վառված խարույկների շուրջ:

Նեպալում Նոր տարին նշում են արևի մայր մտնելուց հետո: Լիալուսնի ժամանակ նեպալցիները խարույկներ են վառում և հին իրերը նետում կրակի մեջ: Հաջորդ օրը նրանք տարբեր նախշերով ներկում են իրենց դեմքերը, ձեռքերը և սկսում են պարել ու երգել փողոցներում:

Կուբացիները Նոր տարվա նախաշեմին իրենց «աման-չամաններում» ջուր են լցնում և կեսգիշերին սկսում են դուրս թափել պատուհանից: Իսկ ժամացույցի սլաքների’ 12-ն ազդարարելու պահին կուբացիները պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ, ինչը նշանակում է, որ համերաշխությունը, բարգավաճումն ու խաղաղությունը կուղեկցեն նրանց ողջ տարվա ընթացքում:

Բիրմայում Ամանորը դիմավորում են ապրիլի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում: Տոնի կոնկրետ օրվա մասին հայտարարում է մշակույթի նախարարությունը’ հատուկ հրամանով, որը տևում է երեք օր: Բիրմացիները հավատում են, որ անձրևի Աստվածն ապրում է աստղերի վրա, և հենց այդ օրերին երկրի վրա անձրև է տեղում, ինչը նշանակում է, որ բերքն այդ տարի առատ է լինելու:

Իսրայելում Նոր տարին(Ռոշ խա-Շանա) նշում են Տիշրեյ(սեպտեմբեր) ամսվա առաջին երկու օրը: Ռոշ խա-Շանան խորհրդանշում է աշխարհի արարման տարեդարձն ու Աստծո թագավորության սկիզբը: Իսրայելում Նոր տարին աղոթքի օր է համարվում:

Հնդկաստանում Նոր տարին նշում են ամռանը (Լորի տոն) և աշնանը (Դիվալի տոն): Ամռանը երեխաները նախապես հավաքում են չոր փայտի ճյուղեր, հին իրեր և Ամանորի գիշերը խարույկներ են վառում ու դրանց շուրջ ողջ գիշեր պարում ու երգում են: Աշնանը հնդիկները տների տանիքներին և պատուհաններին հազարավոր մոմեր են տեղադրում և Ամանորի գիշերը վառում են դրանք:

Ճապոնիացի երեխաները Ամանորը դիմավորում են նոր հագուստներով: Ճապոնիայում ընդունված է, որ Նոր տարվա առաջին րոպեներին պետք է ծիծաղել, դա հաջողություն է բերում: Ճապոնացիները տան մուտքի դուռը զարդարում են բամբուկի և սոճու ճյուղերով: Առավոտյան, երբ Նոր տարին մտնում է իր իրավունքների մեջ, ճապոնացիները դուրս են գալիս փողոց և դիմավորում են արևածագը: Արևի առաջին ճառագայթների հետ նրանք շնորհավորում են միմյանց և նվեր են տալիս:

Աֆղանստանում Ամանորը նշում են մարտի 21-ին, ինչը խորհրդանշում է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը: Այդ օրը կազմակերպվում են ուրախ տոնավաճառներ, որտեղ ելույթ են ունենում աճպարարներ, երաժիշտներ և այլոք:

Չինաստանում Նոր տարվա գիշերը Բուդդայի արձանները մաքրվում են լեռնային ջրով: Իսկ մարդիկ ջրվում են այն պահին, երբ ուրիշները նրանց ամանորյա բարեմաղթանքներ են հղում և երջանկություն են ցանկանում: Այդ պատճառով Ամանորին չինացիները փողոց են դուրս գալիս թաց հագուստով:

Իրանում Նոր տարին դիմավորում են մարտի 22-ին: Կեսգիշերին բոլորը կրակում են հրացաններից, մեծերն իրենց ձեռքերում պահում են արծաթե կոպեկներ: Ամանորի առաջին գիշերն ընդունված է կոտրել տան հին սպասքը և փոխարինել նորով:

Բուլղարիայում Նոր տարին դիմավորում են հարազատներով և ընկերներով: Ամանորի գիշերը բոլոր տներում երեք րոպեով անջատվում են լույսերը: Այդ ժամանակ, մութ սենյակում հյուրերը համբուրվում են, և թե ով ում է համբուրել’ մնում է գաղտնի: