Այսօր մեր գրականության դասաժամը անցկացրինք ընթերցասրահում ընկեր Սոֆիայի եւ ընկեր Անժելայի հետ: Քանի որ շաբաթ օրը ընկեր Անժելայից ստացանք  նամակ, որը պարունակում էր նյութեր Սեբաստացու մասին “Հայկական Կակաչ” բլոգից, այսօր որոշեցինք քննարկել մեր կարդացածը:

Քննարկում էինք Մխիթար Սեբաստացու մասին հետաքրքիր տեղեկություններ: Ծանոթացանք Սեբաստացու ընթերցանության ոճին, վարքին, առաջնորդ լինելուն, որ արդեն քսանվեց տարեկանում ղեկավարել է միաբանության վարչական, տնտեսական և այլ գործեր, որոնք հաջողությամբ է կատարել: Նա շատ խոնարհ եւ խոհեմ է եղել: Հետաքրքիր էր տիկին Սոֆիայի բացատրությունը, որ խոնարհը խեղճը չի և խոհեմը խորամանկը չի: Մխիթար Սեբաստացին շատ է կարդացել, սովորել, երբ մեր տարիքին է եղել: Նա մի գիրքը կարդացել է մինչև վերջ, հետո անցել մյուսին: Կարդացել է ամենուր՝ տանը, պարտեզում, ճանապարհորդելիս:

Ընթերցասրահում նույնպես կարդացինք, իմացանք, որ նա դասավանդել է աստվածաբանություն, իմաստասիրություն, հռետորություն, քերթողություն, եղել է բարի և չի ընդունել մարդկանց կողմից Աստծո և կրոնի հանդեպ եղած անհարգալից վերաբերմունքը: Աշակերտներին կրթել է, սովորեցրել, ուղղել, սեր է քարոզել, իր անձնական օրինակով հաստատել իր ասածները:

Որպես Սեբաստացու օրերի ամփոփում քննարկեցինք, թե ինչպես անցան Սեբաստացու օրերը կրթահամալիրում: Քանի որ նախորդ տարիներին նույնպես սովորել եմ կրթահամալիրում, ինձ համար այս տոնը նորություն չէր, ինչպես մեր դասարանի այն սովորողների համար, ովքեր այս տարի են եկել: Պարզապես իմ սիրելի տոներից է,  իսկ այս տարի ավելի հետաքրքիր էր այն, որ Մխիթարյան Միաբանությունից հյուր ունեինք, ով Մայր դպրոցում մեզ հետ մասնակցեց առավոտյան ընդհանուր պարապունքին:

Ինձ շատ դուր եկավ այս դասաժամը և ուրախ կլինեմ, եթե էլի կրկնվեն նմանատիպ դասաժամեր: