Մարդը, որ եկել է արդեն զբաղեցված աշխարհ, եթե նրան ծնողները կերակրել չեն կարող, ինչը նա կարող է հիմնավորված ձևով պահանջել, և եթե հասարակությունը նրա աշխատանքի կարիքը չունի, որևէ կերակրման իրավունք չունի. ըստ էության` նա ավելորդ է: Կյանքի մեծ խրախճանքում նրա համար տեղ չկա: Բնությունը հրամայում է նրան հեռանալ և ինքն էլ չի հապաղում ի կատար ածել իր դատավճիռը:… Ես պնդել ու հիմա էլ շարունակում եմ հավատալ, որ եթե երկրի գոյամիջոցները թույլ չեն տալիս բնակչության արագ աճ (իսկ դա կախված չէ ծաղկապատվաստումից), ապա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա երկուսից մեկը. կա´մ մահացության աճ մի ինչ-որ այլ պատճառից, կա´մ ծնելիության հարաբերական թվի նվազում: Բայց ես միևնույն ժամանակ ցանկություն եմ արտահայտել, որ տեղի ունենա վերջինը. ուստի այն սկզբունքների հիման վրա, որոնք ես միշտ հռչակել եմ, ինձ պետք է համարել, և դա համապատասխանում է իրականությանը, ծաղկապատվաստման կրքոտ կողմնակից: Չունևորների բարեկեցության բարելավման և նրանց մեջ մահացությունը նվազեցնելու համար անելով ինձնից կախված ամեին ինչ` ես գործում եմ լիովին համապատասխան իմ սկզբունքներին:
Հին ժողովուրդների միջև պատերազմների գլխավոր պատճառներից մեկը տեղի և սննդի պակասն էր. թեև ժամանակակից ժողովուրդների գոյության պայմաններում որոշ փոփոխություններ են կատարվել, այնուամենայնիվ, այդ նույն պատճառը չի դադարել գործել` փոխելով միայն իր լարվածության աստիճանը: Տիրակալների փառասիրությունը չէին բավարարի զենքներն ավերածությունների համար, եթե աղետները չստիպեին հասարակության ստորին դասերին անցնել նրանց դրոշի տակ: Հավաքողները երազում են վատ հունձքի մասին. նրանց ձեռնտու է, որ որքան հնարավոր է շատ ձեռքեր անգործ մնան, այլ խոսքերով` նրանց ձեռնտու է ազգաբնակչության ավելցուկը: Ավելի վաղ ժամանակներում, երբ պատերազմը մարդկանց գլխավոր զբաղմունքն էր, և երբ դրա արդյունքում բնակչության նվազումն անհամեմատ ավելին էր, քան մեր օրերում, օրենսդիրներն ու պետական այրերը, որ միշտ մտահոգ են հարձակման ու պաշտպանության համար միջոցներ որոնելով, իրենց պարտականությունն էին համարում բոլոր հնարներով խրախուսել բնակչության բազմացումը. այդ նպատակով նրանք ջանում էին խայտառակել ամուրիությունն ու անպտղությունը և, հակառակը, պատվել ամուսնությունը: Ժողովրդական հավատալիքները ձևավորվում էին այս կանոնների ազդեցությամբ: Շատ երկրներում բազմածնությունը խոնարհման առարկա էր: Մուհամեդի կրոնը, որ հիմնված է սրով և իր ուղղահավատ հետևորդների նշանակալի թվի ոչնչացման ճանապարհով, նրանց համար որպես կարևորագույն պարտականություն է սահմանել որքան հնարավոր է շատ երեխաներ ծնել իրենց Աստծուն փառաբանելու համար: Նման կանոններն ամուսնությունների հզոր խթան էին հանդիսանում, իսկ դրանց արդյունքում առաջ եկած բնակչության արագ աճը միաժամանակ և´ հետևանքն էր, և´ պատճառը մշտական պատերազմների, որոնցով աչքի էր ընկնում մարդկության այդ ժամանակաշրջանը: Նախորդ պատերազմի արդյունքում ամայացած տեղանքը բնակեցվում էր նոր բնակիչներով, որոնք նախատեսված էին նոր բանակների կազմավորման համար, իսկ արագությունը, որով կատարվում էին հավաքագրումները, պատճառն ու հետևանքն էին նոր ավերածությունների: Այսպիսի նախապաշարմունքների տիրապետության պարագայում դժվար է կանխատեսել պատերազմների վերջը…Հարկավոր է իմ ուսմունքը չհասկանալ այն բանի համար, որ ինձ բնակչության բազմացման թշնամի համարեն: Թշնամիները, որոնց դեմ ես պայքարում եմ, արատն ու աղքատությունն են: