Ալոեն պատկանում է շուշանազգիների ընտանիքին:  Արտաքինից նման է ագավային: Ունի հաստ, մսեղ ու հյութալի տերևներ, որոնց եզրերը պատված են մանր փշիկներով: Կան ծառանման և խոտային տեսակներ, որոնք անցողուն են:

Հայտնի է մոտ 90 տեսակ, որոնց մեծ մասի հայրենիքը Կապլանդիան է, Հարավային Աֆրիկա:

Ալոեն սուկուլենտ է և պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, սակայն ալոեի ծաղկելու ու բարգավաճման համար շատ կարևոր է առատ լույսի առկայությունը:

Սենյակում ձմռանը ջերմաստիճանը կարող է տատանվել 18-25, իսկ ձմռանը՝ 12-14 աստիճանի սահմաններում:

Ամռան ընթացքում բույսը պահում են դրսում՝  կիսաստվերում, ջրում են առատորեն:

Ձմռանը խորհուրդ է տրվում պահել արևոտ  մասերում ՝ջրելով չափավոր: Ընդհանրապես ալոեն խորհուրդ չի տրվում առատ ջրել, հակառակ դեպքում արմատները կարող են նեխել:

Ալոեն բազմանում է  արմատածիլերով, որը կարելի է  կլոր տարին վերցնել մայր բույսից: Նախքան կտրոնների տնկելը անհրաժեշտ է  այն թառամեցնել և կտրվածքները թաթախել փայտածխափոշու մեջ:

Բույսի  որոշ տեսակներից ստացվում են մանրաթելեր, որոնցից  պատրաստում են գորգ, պարան և այլն: Իսկ տերևների հյութը բուժիչ նշանակություն ունի, քանի որ պարունակում է ալոյին կոչվող նյութը, որը հրաշալի միջոց է մի շարք հիվանդություններ բուժելու համար:  Ակադեմիկոս Վ.Պ.Ֆիլատովին հաջողվել է այդ հյութով բուժել աչքի բորբոքված եղջերաթաղանթը:

Ալոեի հյութը նաև չորացնում են, պատրաստում կանաչավուն խեժի կտորներ, որն օգտագործում են լուծվող դեղորայք պատրաստելու համար: