Բնության պահպանությունը պետական և հասարակական միջոցառումների համալիր է, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը, ապահովել խելամիտ և արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները:
Բնության պահպանության միջոցառումներից են բնական հարստությունների օգտագործման կարգավորումը, ջրամբարների և օդի պահպանումը աղտոտվածությունից, կենսաբազմազանության պահպանումը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմամբ, բնության առանձին հուշարձանների պահպանումը:
Բնության պահպանությունը համամոլորակային խնդիր է. անհրաժեշտ է դարձել տարբեր երկրների ջանքերի միավորումը և բնապահպանական միջազգային կազմակերպությունների ստեղծումը:
Հայաստանում բնության պահպանության խնդիրներով զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից: Խոսրով Բ թագավորի հրամանով ստեղծվել են Տաճար մայրի (Գառնիից մինչև Դվին), Խոսրովակերտ (նախորդի շարունակությունը դեպի հարավ՝ Արաքսի, Դվինի և Արտաշատի միջև) անտառները, որոնք բնակեցվել են որսի կենդանիներով ու գազաններով և այդ ժամանակներից դարձել արգելոցներ: Անհարկի անտառահատումների, պտղատու ծառերի հատումների արգելման վերաբերյալ որոշակի օրենքներ կան Մխիթար Գոշի (XII դար) և Սմբատ Սպարապետի (XIII դար) դատաստանագրքերում: