Պղպեղի մեջ որքան շատ է կապսացինի պարունակությունը, այնքան կծու է պղպեղը։ Կապսացինը հակաբորբոքային նյութ է, որը կանխում է քաղցկեղածին բջիջների առաջացումը, պայքարում է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոց առաջացնող մանրէների դեմ, օգտակար է բրոնխիտի դեպքում: Սակայն կապսացինի չարաշահումը նաեւ կարող է գրգռել եւ աղեստամոքսային տրակտի խանգարումներ առաջացնել:

Ոչ կծու պղպեղները, որոնց նաեւ անվանում են բուլղարական (չնայած որեւէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են եւ վիտամիններով շատ հարուստ` B1, B2, PP եւ այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունն ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը կանխում է սրտային հիվանդությունները եւ քաղցկեղի որոշ տեսակները։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է եւ զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։ Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում քաղցր պղպեղն անհրաժեշտ է պարտադիր ընդգրկել ամենօրյա սննդակարգում։ Հենց այս բանջարեղենն է, որ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ոչ միայն ամրացնում են մազանոթների պատերը, այլեւ բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու ճկունությունը։ Քաղցր պղպեղը հատկապես օգտակար եւ կարեւոր է արյան շրջանառության խախտման դեպքում, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի նախնական փուլում, բացի այդ, օրգանիզմից հեռացնում է խարամներն ու թունավոր նյութերը։

Քաղցր պղպեղը հարուստ է վիտամիններով՝ ռուտինով (P), որը հեղուկացնում է արյունը եւ ամրացնում արյունատար անոթների պատերը. այդ իսկ պատճառով շատ օգտակար է տրոմբոֆլեբիտի եւ երակի վարիկոզ լայնացման դեպքում։ Բացի այդ, պղպեղը նաեւ կարոտին, կալիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ, կրեմնիում է պարունակում, նույնիսկ` արծաթ եւ պղինձ, որոնք ոչ միայն նպաստում են օրգանիզմի ամրապնդմանը, այլեւ անփոխարինելի բուժիչ միջոցներ են համարվում սակավարյունության, անքնության, հոգնածության, շաքարային դիաբետի, մաշկային եւ տեսողական խնդիրների դեպքում: