Եթե դուք մրգի սիրահար եք, ապա անպայման կհավելեք, որ եթե Աստված չստեղծեր մրգերը, մեր կյանքում հաստատ ինչ-որ բան պակաս կլիներ: Պատկերացնում եք, երբևէ ճաշակած չլինեիք ձեր պաշտելի ծիրանը, նուռը կամ նարինջը: Դա իրոք մեծ բացթողում կլիներ:

   Հազարամյակների ընթացքում մարդկության կուտակած փորձն այսօր արդեն հաստատվել է բժիշկների և համապատասխան մասնագետների կողմից. մրգերը ոչ միայն հաճելի պահեր են պարգևում մեզ դրանք ճաշակելիս, այլ նաև օժտված են բուժիչ հատկություններով: Տեղեկանալով այս հատկությունների մասին՝ կարող եք հնարավորինս քիչ դիմել քիմիական միջոցների, և ձեր առողջությունը պահպանել կամ վերականգնել բնական եղանակներով: Այսպիսով՝ եթե ուզում եք ունենալ ամուր առողջություն և հնարավորինս երկար երիտասարդ մնալ, ապա բացահայտեք մրգերի զարմանահրաշ հատկությունները:

Խնձոր- Խնձորն այսօր շատերիս համար թեև սովորական և հասարակ միրգ է դարձել, սակայն հարկ է հիշել, որ այն հարուստ է վիտամիններով և շատ օգտակար է: Խնձորի մեջ պարունակվող վիտամինները կլանում են ավելորդ խոլեսթերինն ու թունավոր նյութերը, բարելավում ստամոքսի աշխատանքը: Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Հատկապես կարմիր խնձորը հարուստ է աչքերի և մաշկի համար օգտակար A և B խմբի վիտամիններով, որոնք մեղմացնում են սթրեսը և հանգստացնում նյարդերը: Խնձորն օգտակար է նաև մազերին և եղունգներին: Կոտրատվող եղունգների և անփայլ ու թույլ մազերի դեպքում պետք է խմել խնձորի հյութ: Գազերով թունավորման և մեղվի խայթոցի ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս ուտել տրորած խնձոր:

Կիվի- Այն կոչվում է նաև չինական հաղարջ և մեզ է հասել Նոր Զելանդիայից: Կիվին նպաստում է օրգանիզմի նյութափոխանակությանը: Դրա մեջ եղած կանաչ գունանյութը հարուստ է մագնիումով, որը կարգավորում է սրտի, ինչպես նաև ուղեղի աշխատանքը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կիվին խոչընդոտում է նաև ուռուցքների առաջացմանը և բարելավում աշխատունակությունը: Կիվիի առանձնահատկություններից մեկն այն է, որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C՝ կրկնակի անգամ գերազանցելով նարնջին: Կիվի անունը նրան տվել են Նոր Զելանդիայի արտահանողները՝ ի պատիվ կիվի-կիվի կոչվող թռչունի: Արտաքինից անհասկանալի այս միրգը նման էր անթև և մուգ դարչնագույն փետուրներով այդ թռչնին:

Ձմերուկ- Երկար ժամանակ ձմերուկը համարվում էր հաճելի, համեղ, բայց օրգանիզմի համար ոչ պիտանի: Այնինչ հետագայում պարզվեց, որ այն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, որոնք մասնակցում են օրգանիզմում արյունաստեղծման գործընթացին: Ձմերուկն օգտակար է հոդատապի, աթերոսկլերոզի, արթրիտի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ, քանի որ նպաստում է օրգանիզմից խոլեսթերինի արտամղմանը: Ձմերուկի երկար օգտագործումը բուժում է խրոնիկական գաստրիտ: Ի դեպ՝ մի վարկածի համաձայն, ձմերուկի հայկական անվանումը առաջ է եկել «չմեռուկ» բառից, որը ժամանակին ունեցել է «անմահություն» իմաստը:

Ելակ- Բոլորին քաջ հայտնի է, որ ելակը շատ համեղ է, բայց այն, որ նա ազդում է նաև մարդու զգացողության և տրամադրության վրա՝ թերևս քչերին է հայտնի: Ելակը նաև նպաստում է ախորժակի բարելավմանը, կարգավորում է աղի քանակությունն օրգանիզմում, նպաստում է արյունագոյացմանը: Դեռևս հին ժամանակներից ելակն օգտագործվում էր սակավարյունության դեպքում:

Դեղձ- Այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ, որի շնորհիվ էլ նիհարելու լավագույն միջոցներից է: Այս միրգն իր մեջ պարունակում է նաև մեծ քանակությամբ կարոտին, որն էլ խոչընդոտում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացմանը: Դեղձը հարուստ է նաև ֆոսֆորով և մագնիումով, որը բարելավում է հիշողությունը և բարձրացնում աշխատունակությունը:

Նուռ- Նուռն օգտակար է սակավարյունության, ստամոքսի ցավերի, քթի և ականջի ցավերի, անգինայի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ: Այն հարուստ է ածխաջրերով և օրգանական նյութերով, որոնք մարդուն աշխուժություն են հաղորդում: Նռան հաճախակի օգտագործումը կանանց մոտ կանխարգելում է կրծքի քաղցկեղը:

Տանձ- Այս միրգն օժտված է նուրբ, բուրավետ, զովացնող հաճելի համով: Այն պարունակում է շաքարներ, թթուներ, ազոտային նյութեր, ինչպես նաև հարուստ է A, B, C վիտամիններով: Որպես բուժիչ միրգ հայտնի է եղել դեռևս շատ վաղ անցյալում: Տանձն իր մեջ պարունակում է յուրահատուկ եթերային յուղեր, կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք կարող են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը և խոչընդոտել ինֆեկցիոն հիվանդությունների: Այս մրգի մասին հիշատակություններ կան դեռևս 5-րդ դարի հայ պատմիչ՝ Ագաթանգեղոսի պատմություններում: Տանձ ուտելուց հետո չի կարելի ջուր խմել, ինչպես նաև ծանր կերակուրներ ուտել:

Խաղող- Խաղողի օգտակարության մասին հայտնի է եղել դեռևս առաջին դարում: Բացի այն, որ խաղողը շատ համեղ է, նաև օրգանիզմում ակտիվացնում է նյութափոխանակությունը, կանոնավորում աղեստամոքսային համակարգը, կարգավորում ախորժակը: Շատ օգտակար է նաև սրտի, լյարդի և թոքերի հիվանդությունների ժամանակ: Այն հարուստ է վիտամիններով: Խաղողն իր մեջ պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր օգտակար նյութերը, այդ թվում՝ երկաթ, կալիում, կալցիում և այլն:

Մանդարին- Քչերը գիտեն, որ մանդարինի հայրենիքը համարվում է Չինաստանը: Ասիական պետություններում այն լայն տարածում է ստացել, քանզի ցիտրուսային բոլոր մրգերի մեջ մանդարինն ամենացրտադիմացկունն է: 19-րդ դարի սկզբին մանդարինը բերել են Եվրոպա, որտեղից էլ սկսվել է դրա տարածումը: Այն հարուստ է B և P խմբի վիտամիններով, ակսորբինային թթվով, հանքային և այլ աղերով: Ցիտրուսների նկատմամբ ալերգիայի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, ստամոքսահյութի բարձր թթվայնության, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի և հեպատիտի առկայության դեպքում մանդարինի օգտագործումը ցանկալի չէ: Մանդարինի հյութը կարող է պայքարել ջերմության դեմ, հագեցնել ծարավը, մաքրել հեղձուկով և բրոնխիտով հիվանդների թոքերը, ինչպես նաև վերականգնել ստամոքսի և աղիների միկրոֆլորան:  Մանդարինի կեղևից ստացված հյութը նպաստում է ախորժակի լավացմանը, իսկ եփուկը փափկացնում է հազը: Մանդարինի եթերայուղը լավագույն միջոցն է ընկճախտի և վատ տրամադրության դեմ: Մանդարինի յուղը շատ է կիրառվում կոսմետոլոգիայում: Այն օգտակար է տարբեր տեսակի մաշկերի և բոլոր տարիքային խմբերի համար: Արդյունավետորեն պայքարում է կնճիռների դեմ, հանգստացնում է նաև զգայուն մաշկը: Մանդարինի յուղի օգնությամբ կարելի է ազատվել նաև ցելյուլիտից: