Մի փոքրիկ, սիրունիկ աղջիկ է լինում: Բոլորը սիրում են նրան, բայց ամենից շատ տատիկն է սիրում ու ոչ մի բան չի խնայում: Մի անգամ էլ տատիկը կարմիր թավշից գլխարկ է նվիրում. շատ է սազում նրան, այնքան շատ, որ աղջիկը գլխից չի ուզում հանել և երբեք էլ ուրիշ գլխարկ չի դնում: Դրա համար էլ աղջկա անունը մնում է Կարմիր լխարկ:

Մի անգամ մայրն ասում է.

– Կարմիր գլխարկ, տատիկը հիվանդ է, վերցրու էս կարկանդակն ու գինին, տար, տատիկը ուտի, լավանա: Շուտ դուրս արի տնից, դեռ շոգը չի ընկել, համ էլ ճանապարհից չշեղվես, կարգին կգնաս, հանկարծ վեր չընկնես շիշը ջարդես, տատիկին բան չմնա: Իսկ երբ ներս մտնես, նախ կբարևես և ոչ թե կնկնես պուճախները:
– Ամեն բան կարգին կանեմ,- ասում է Կարմիր գլխարկն ու հրաժեշտ տալիս մորը:

Տատիկի տունը անտառում է լինում` գյուղից մի կես ժամվա ճամփի վրա: Հենց որ Կարմիր գլխարկը անտառ է մտնում, մի գայլ է հանդիպում նրան: Կարմիր գլխարկը չի իմանում, թե դա ինչ չար գազան է, ու բոլորովին չի վախենում:

– Բարև, Կարմիր գլխարկ,- ասում է գայլը:
– Շնորհակալություն բարի խոսքի համար:
– Էս մութուլուսին էդ ո՞ւր ես գնում էդպես:
– Տատիկիս մոտ:
– Իսկ գոգնոցիդ միջինն ի՞նչ է:
– Գինի է ու կարկանդակ, երեկ ենք թխել, ուզում ենք տատիկին մի բանով ուրախացնել, հիվանդ է, թող ուտի, որ առողջանա:
– Կարմիր լխարկ, իսկ որտեղ է ապրում տատիկդ:
– Այ էնտեղ` անտառում, մի քառորդ ժամ էլ պիտի գնամ. երեք մեծ կաղնիների տակ է նրա տնակը, իսկ մի քիչ ներքևում պնդուկի թփուտներն են, երևի կիմանաս,- ասում է Կարմիր գլխարկը:
– Ի´նչ լավ աղջիկ է,- մտածում է գայլը,-քաղցր պատառ կլինի ինձ համար, ավելի համով, քան պառավը, բայց որպեսզի երկուսին էլ ճանկս գցեմ, պետք է խորամանկ գործեմ:

Ու նա սկսում է քայլել Կարմիր գլխարկի հետ:

– Կարմիր գլխարկ, տես ի´նչ սիրուն ծաղիկներ են, ինչի՞ չես նայում շուրջդ: Մի՞թե չես լսում թռչունների ծլվլոցը: Էնպես ես գնում, ասես դպրոց ես շտապում: Անտառում շատ հաճելի է ժամանակ անցկացնելը:

Կարմիր գլխարկը նայում է ու տեսնում, թե արևի շողերն ինչպես են խաղում ծառերի վրա, շուրջը գեղեցիկ ծաղիկներ են, և մտածում է.

«Լավ կլինի տատիկի համար մի ծաղկեփունջ քաղեմ, դա էլ հաճելի կլինի նրա համար, դեռ վաղ է, կհասցնեմ ժամանակին վերադառնալ»: Եվ նա շեղվում է ճամփից ու մտնում անտառի թավուտը, սկսում ծաղիկներ քաղել: Մի հատ պոկում է ու մտածում. «Էն մեկն ավելի սիրուն է», վազում է էն մեկն էլ է քաղում: էդպես գնալով խորանում է անտառում: Իսկ գայլն էդ ընթացքում կարճ ճանապարհով վազում է ուղիղ տատիկի տուն ու դուռը ծեծում:

– Ո՞վ է:
– Ես եմ` Կարմիր գլխարկը քեզ համար գինի ու կարկանդակ եմ բերել, դուռը բաց:
– Քաշիր սողնակը,- կանչում է տատիկը,- ես շատ թույլ եմ, չեմ կարող ոտքի կանգնել:

Գայլը սողնակը քաշում է, դուռն անմիջապես բացվում է: Նա զգույշ ներս է մտնում, մոտենում տատիկի անկողնուն ու կուլ տալիս նրան: Հետո հագնում է տատիկի շորը, գլխին գնում նրա գլխարկը, պառկում անկողնում ու վարագույրը քաշում:

Իսկ Կարմիր գլխարկը շա´տ ծաղիկներ է քաղում, երբ էնքան է քաղում, որ էլ չի կարողանում ձեռքին պահել, հիշում է տատիկին ու բռնում տան ճամփան: Նա զարմանում է, որ դուռը կիսաբաց է տեսնում: Իսկ երբ ներս է մտնում, ամեն ինչ շատ տարօրինակ է թվում:

Մտածում է. «Տեր աստված, ինչո՞ւ է էսպես սարսափելի, միշտ էնպես լավ եմ զգացել ես տատիկի տանը»: Ու նա բարձր-բարձր ասում է.

– Բարի լույս,- բայց պատասխան չի ստանում:

Էդ ժամանակ մոտենում է սւնկողնուն, ետ քաշում վարագույրը, տեսնում` պառկած է տատիկը, գլխարկը քաշել է աչքերին ու էնքան տարօրինակ տեսք ունի, էնքա¯ն տարօրինակ:

– Վա´յ, տատիկ ջան, էդ ինչ մեծ-­մեծ աչքեր ունես:
– Որ քեզ լավ տեսնեմ:
– Վա´յ, տատիկ ջան, իսկ ինչո՞ւ են ձեռքերդ էդքան երկար
– Որ քեզ լավ գրկեմ:
– Վա´յ, տատիկ ջան, ի´նչ մեծ բերան ունես:
– Որ քեզ հեշտ կուլ տամ: -Ասում է գայլն ու անկողնուց դուրս պրծնում և տեղնուտեղը կուլ տալիս Կարմիր գլխարկին է:

Գայլը կուլ է տալիս ու էլի պառկում անկողնում, քնում, սկսում բարձր խռմփացնել: Էդ ժամանակ որսորդն անցնում է տան մոտով: «Էս ինչ ուժեղ է խռմփացնում էս պառավը, կարող է որևէ բանի կարիք ունենա, մի ներս մտնեմ, տեսնեմ»,-մտածում է նա ու ներս մտնում: Մոտենում է անկողնուն, տեսնում` գայլն է պառկած:

– Ա´, ահա թե որտեղ ես դու, հին չարագործ,- ասում է որսորդը,- վաղուց եմ քեզ փնտրում:

Եվ արդեն ուզում է կրակել հրացանից, բայց մտածում է, թե կարող է տատիկին նոր է կուլ տվել ու դեռևս հնարավոր է փրկել: Նա չի կրակում, մկրատն առնում է ու քնած գայլի փորը սկսում բացել: Երբ մի քանի կտրվածք է անում, տեսնում է` կարմիր գլխարկ է երևում, մի քիչ էլ որ բացում է, Կարմիր գլխարկը դուրս է թռչում ու ճչում.

-Վա´յ, ոնց վախեցա, ի´նչ մութն էր գայլի փորում:

Հետո դուրս է գալիս պառավ տատիկը` ողջ ու անվնաս, հազիվ է շնչում:

Կարմիր գլխարկը շուտ մեծ-մեծ քարեր է հավաքում, բերում լցնում գայլի փորը: Էդ ժամանակ գայլն արթնանում է, ուզում է փախչի, բայց քարերը շատ ծանր են լինում, նա վեր է կենում ու հենց էդտեղ էլ փչում շունչ:

Երեքն էլ շա´տ-շա´տ գոհ են մնում: Որսորդը մշակում է գայլին ու մորթին տանում տուն: Տատիկը ուտում է Կարմիր գլխարկի բերած կանդակը, խմում գինին ու առողջանում, իսկ Կարմիր գլխարկը մտածում է. «Սրանից հետո էլ ոչ մի անգամ առանց մայրիկի թույլտվության չեմ շեղելու ճանապարհս»:

Պատմում են, որ մի ուրիշ անգամ էլ, երբ Կարմիր գլխարկը էլի կարկանդակ է տանելիս լինում տատիկի համար, մեկ ուրիշ գայլ է պատահում նրան և ուզում է շեղել մեծ ճանապարհից, բայց Կարմիր գլխարկն էս անգամ զգուշանում է, գնում իր ճանապարհով ու երբ տեղ է հասնում, տատիկին պատմում է, որ ճանապարհին մի գայլ է հանդիպել, ասել է «բարև» ու էնպիսի չար հայացքով է նայել իրեն, որ եթե մեծ ճանապարհի վրա չլիներ, որտեղ անցուդարձ անողները շատ են, կուտեր իրեն:

– Որ էդպես է,- ասում է տատիկը,- արի փակենք դուռը, չկարողանա ներս մտնել:

Մեկ էլ իսկապես գայլը ծեծում է դուռն ու ասում.

– Տատիկ, դուռը բաց արա, ես Կարմիր գլխարկն եմ:

Տատիկն ու Կարմիր գլխարկը ոչ ձայն են հանում, ոչ էլ դուռը բացում: Էդ ժամանակ գորշ ավազակը մի քանի անգամ թաքուն պտտվում է տան շուրջը, ապա ցատկում տանիքին ու էնտեղ սպասում, մինչև որ երեկոյան Կարմիր gլխարկը վերադառնա տուն. նա մտադիր է լինում թաքուն հետևել աղջկան ու մութը տեղը բռնել ուտել: Բայց տատիկը իմանում է գայլի մտադրությունը: Նրանց տան առաջ քարե մեծ գուռ է լինում: Տատիկն ասում է.

– Կարմիր գլխարկ, վերցրու դույլը, երեկ երշիկ եմ եփել, ջուրը տար լցրու գուռի մեջ:

Կարմիր գլխարկը ջուրը կրում է, տանում բերնե բերան լցնում գուռը: այլը երշիկի հոտ է առնում, հոտոտում է օդը, նայում ներքև ու ձգում վիզը, որ էլ իրեն չի կարողանում պահի, ընկնում է ուղիղ գուռի մեջ, խեղդվում:

Իսկ Կարմիր գլխարկը հանգիստ վերադառնում է տուն, ու էդ օրվանից ոչ ոք այլևս չի նեղացնում նրան: