Բուժում են սերմերը

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։

Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է, որ սերմում պարունակվող զորությունը կարող է ոչ միայն սերունդների շարունակությունն ապահովել, այլև ունի բուժիչ հատկություններ։

Այսօր մենք կզրուցենք որոշ բույսերի սերմերի օգտակարության մասին։ Այն բույսերի, որ առավել հաճախ ենք օգտագործում սննդի մեջ։

Մաղադանոսը հայտնվում է մարգերի վրա վաղ գարնանը և մինչև աշուն ապահովում է մեզ օգտակար նյութերով։ Ժողովրդական բժշկությունն օգտագործում է բույսի արմատը, կանաչ մասը, սակայն առավել մեծ բուժիչ զորություն է կուտակվում սերմի մեջ։
Սերմը պարունակում է խեժեր, եթերային յուղեր:

Եփուկը և ջրային թուրմը լավացնում են ախորժակը, մարսողությունը, նվազեցնում ծակոցները որովայնում, ունեն դաշտանային պարբերությունը կարգավորող հատկություն։ Օգտակար են առիթմիայի, սրտի անբավարարության, այտուցման, միզապարկի և երիկամների բորբոքման դեպքում:

Թուրմ. 1 թ/գ տրորած սերմը 8-10 ժամ թրմեք կես լիտր սառը զտված ջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օր 3 անգամ։

Եփուկ. 1թ/գ սերմը 4 ժամ թրմեք 200 մլ տաք ջրով (65-75 C) ջերմապահի մեջ։ Քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։

Փոշիացրած սերմ. Խմեք կեսական գրամ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Մազաթափություն – Փոշիացրած սերմին խառնեք գոլ զտված ջուր այնպես, որ ստացվի համասեռ շիլայանման զանգված, ներմերսեք գլխամաշկին։ Կես ժամից լվացեք ոչ շատ տաք ջրով։

Դդմի սերմը հարուստ է բջջանյութով, սպիտակուցով, E վիտամինով, պարունակում է ցինկ, պղինձ, երկաթ, մագնիում, կալցիում, ֆոսֆոր, կալիում, չհագեցած ճարպայուղեր։ Սննդային արժեքը բարձր է` 550 կկալ։ Մաքրված, հատկապես առանց պաշտպանիչ թաղանթի, սերմը պարունակում է օքսիդացած ճարպեր, որոնք կարող են զգալի վնաս պատճառել առողջությանը։

Պատրաստում են «Տիկվեոլ» դեղամիջոցը, որը սերմի յուղամզվածքն է։ Այն լայնորեն կիրառվում է լեղաքարային հիվանդության, ստամոքսաբորբի և խոցի, թութքի, շագանակագեղձի, այրվածքի բուժման համար։

Լյարդի հիվանդություններ- Խառնեք 1-ական թ/գ դդումի և կես թ/գ դաղձի յուղերը։ Խմեք օրը 3 անգամ` սնվելուց առաջ կամ 1 ժամ հետո։
Երիկամների, միզապարկի հիվանդություններ. Չորացրած սերմը մանրացրեք, տրորեք կավե ամանի մեջ, ընթացքում ավելացրեք տաք ջուր (1։6)։ Թրմեք կես ժամ, քամեք, թանզիֆով մզեք հումքը։ Կստացվի «կաթնանման» հեղուկ, խմեք 400 մլ` օրվա ընթացքում։ Հատկապես օգտակար է, եթե մեզում կա արյուն կամ կան միզարձակության հետ կապված խնդիրներ։
Հելմինտոզ. Աղացեք կես կգ չմաքրված սերմը, ավելացրեք 1 լ զտված ջուր, 2 ժամ տաքացրեք ջրային բաղնիքի վրա, առանց եռացնելու։ Եփուկը քամեք տաք վիճակում, թրմեք մինչև հովանալը, մակերեսի վրայից հեռացրեք յուղի թաղանթը։ Այս լուծույթը պետք է խմեք (1-ական ճ/գ) մեկ-երկու րոպե ընդմիջումներով, որից երկու ժամ անց ընդունեք ոչ յուղային հիմքով լուծողական միջոց։ Այդ օրը չի կարելի ուտել ճարպ պարունակող ուտեստներ։

Մինչև 10 տարեկան երեխաների համար սերմի չափաբաժինը 300 գ է (ջուրը` 600 մլ), մինչև 7 տարեկան` 200 գ, մինչև 5` 150 գ, մինչև 4` 50-100 գ, 2 տարեկանին` 20 գ և 40 մլ ջուր:

Սամիթի սերմն ունի ախորժակը և մարսողությունը լավացնող, լեղամուղ, միզամուղ, հանգստացնող, թույլ լուծողական հատկություն:

Կերակրող մայրերին (լակտացիան բարձրացնելու նպատակով) խորհուրդ է տրվում օրը 5-7 անգամ խմել 1-ական ճ/գ սերմի եփուկ։ Այս չափաբաժինը պետք է խմել փոքր կումերով։
Եփուկ. 1 թ/գ սերմին ավելացրեք 200 մլ զտված ջուր, 15-20 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք։

Հնագույն ժամանակներից սերմի եփուկը կիրառել են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, գլխացավի, որովայնի ցավերի բուժման համար. 1 ճ/գ հումքին ավելացրեք 1 լ եռջուր, եփեք 5 րոպե, թրմեք 1 ժամ։ Խմեք 50-ական մլ չափաբաժիններով` 1-2 օրվա ընթացքում։ Շարունակեք 1 շաբաթ։

Երիկամների բորբոքում. Խառնեք կես թ/գ սամիթի սերմը և 1,5 թ/գ տերևը, ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչև գոլանալը, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Հեռացնում է երիկամներից մեզի անցանկալի կուտակումները։
Համեմի սերմ. Նևրոզ, մետեորիզմ, խոլեցիստիտ, թութք. Օրը 1-2 անգամ ընդունեք համեմի փոշիացրած 10-ական սերմ։ Ունի թույլ լուծողական հատկություն։
Խոլեցիստիտ, կոլիտ, արյունահոսություն – 20 գ մանրացրած սերմը 2 շաբաթ թրմեք 100 մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ մութ տեղում։ Քամեք։ Խմեք 10-15-ական կաթիլ` օրը 2-3 անգամ։
Ձմերուկի և սեխի սերմի բուժիչ «կաթը» պատրաստում են հետևյալ ձևով.

Մաքրեք թարմ կամ չորացրած սերմը, մանրացրեք, թրջեք փոքր քանակությամբ զտված ջրի մեջ, տրորեք հավանգով` մինչև ստացվի համասեռ զանգված։ Հումքին ավելացրեք սառը (նախօրոք եփած) ջուր` 1։10 հարաբերությամբ, թրմեք մինչև 1 ժամ։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։

Միջոցը կարգավորում է մարսողությունը, մաքրում աղիները, ունի խորխաբեր հազի նոպաները կանխարգելող հատկություն, օգտակար է միզաքարային հիվանդության բուժման ընթացքում։

Ջերմիջեցնող. Մաքրեք, մանրացրեք և տրորեք ձմերուկի սերմը, ավելացրեք սառը ջուր (1։24)։ Խմեք 3-ական ճ/գ, յուրաքանչյուր 2 ժամը մեկ, խմելուց առաջ լավ թափահարեք տարան։
Դժվար միզարձակություն, շագանակագեղձի քրոնիկ բորբոքում, քարեր միզապարկում. 1 ճ/գ մաքրած, մանրացրած սեխի սերմը 25-30 րոպե եփեք թույլ կրակի վրա` 200 մլ կաթի մեջ, հաճախակի խառնեք։ Թրմեք մինչև հովանալը, քամեք, մզեք հումքը և զտեք կաթնային թուրմը։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, սնվելուց առաջ։
Շաքարային դիաբետ. Մաքրեք չորացրած սեխի սերմը, փոշիացրեք, 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Իջեցնում է շաքարի պարունակությունն արյան մեջ։

Օգտակար խառնուրդ տղամարդկանց համար. Աղացեք սեխի սերմը, խառնեք մեղրի հետ (1։5)։ Կերեք 1-ական ճ/գ` սնվելուց 10 րոպե առաջ` 50 մլ գոլ ջրի հետ։

Չաման, քեմոն, քիմոն, զիրե
Գիտական անվանումն է` carus carve։ Սերմերը գտնվել են Ք.Ա. 3-րդ հազարամյակում կառուցված ցցաշեն բնակատեղիներում։ Չամանի սերմը հնագույն համեմունքն է, որն օգտագործել են Եվրոպայում։ Նույն ժամանակներից կիրառվել է մարսողության լավացման համար։

Միջնադարում ճաշից հետո ընդունված է եղել ճաշակել չամանով պատրաստված քաղցրավենիք։ Ինչպես ասում է Վ. Շեքսպիրի հերոս Ֆալստաֆը («Վինձորի զվարճասեր կանայք»)` չամանի սերմը ցանել են եփված խնձորի վրա։ Սերմը պետք է մանրացնել օգտագործելուց անմիջապես առաջ։ Բնական պայմաններում հանդիպում է գրեթե ողջ Եվրասիայում, մեր ժամանակներում մշակվում է նաև Հյուսիսային Ամերիկայում։
Երկամյա բույս է, ցանում են գարնանը` 2 սմ խորության վրա, 40 սմ հեռավորությամբ։ Բերքը հավաքում են երկրորդ տարում, երբ հասունացել է պտուղների 30-35 տոկոսը։ Հնձած բույսը խրձում են և թողնում դաշտում` մինչև որ պտուղները վերջնականապես հասունանան և չորանան բնական պայմաններում։

Պատկանում է հովանոցավորների ընտանիքին, հասնում է 50-100 սմ բարձրության։ Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավոր։

Տերևները հերթադիր են, եռակի փետրաձև կտրտված տերևիկներով։ Ծաղիկները սպիտակ են կամ թույլ վարդագույն, հավաքված հովանոցատիպ ծաղկաբույլերով։ Պտուղները գորշ գույնի են, երկսերմ` բեկված հատվածով։ Պտղակոթունը գրեթե երկու անգամ երկար է պտղից։ Սերմերը հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին, ունեն կծու, դուրեկան համ ու հոտ։
Տարածված է Լոռիում, Նիգ-Ապարանում, Վայքում, Սյունիքում, Սևանի ավազանում, ոչ խոնավ ավազային և կավավազային հողերում, անտառի բացատում, մարգագետիններում, ճանապարհների և ցանքատարածքների եզրերին։

Կան տվյալներ, որ բույսը լայնորեն մշակվել է Փոքր Ասիայում Ք.Ա. 8-րդ դարում` հետաքրքիր է, որ այն երբեմն անվանում են Հայոց չաման կամ հայչաման։
Բուժիչ հատկություններ ունի բույսի սերմը, պահպանման ժամկետը 3 տարի է։
Պարունակում է մոտ 20 տոկոս ճարպային յուղ, 23 տոկոս սպիտակուց, 8 տոկոս եթերային յուղ, պիգմենտներ, ֆլավոններ, դաբաղանյութեր, հանքային աղեր, խեժանյութ։
Լավացնում է ախորժակը, մարսողությունը, կանխարգելում և հանում հարթ մկանների սպազմները, ունի խորխաբեր հատկություն, մաքրում է լորձը, կարգավորում միզարտադրությունը։

Հին Հռոմում ընդգրկվել է երիտասարդացնող էլիքսիրի բաղադրության մեջ։

Օգտագործում են գազերի կուտակման, դիսպեպսիայի, էնտերիտի, խոլեցիստիտի, մետեորիզմի և կոլիտի դեպքում։ Ժողովրդական բժիշկները խորհուրդ են տալիս` որպես լակտացիան լավացնող, բրոնխները լայնացնող խորխաբեր միջոց։ Կիրառում են սուր բրոնխիտի (նաև քրոնիկ), պնևմոնիայի, թոքախտի բուժման համար։

Ըստ Ա. Ամասիացու. «Օժտված է տարրալուծող հատկությամբ։ Եթե խառնեն քացախի հետ, կդադարեցնի քթի արյունահոսությունը։ Եթե աղի հետ ծամեն, նույն ազդեցությունը կունենա։

Օգնում է սառը բնույթի աչքացավի դեպքում։ Եթե քսեն կրծքագեղձին, կկանխի նրա մեծացումը։ Մարմնից հեռացնում է գազերը։ Բայց հյուծում է մարմինը և առաջացնում դեմքի դեղնություն։ Եթե ծամեն չամիչի հետ, կօգնի գոտկատեղի ցավի դեպքում։ Ընդունման չափաբաժինը 6 գրամ է։ Չամանին փոխարինել կարող է դաղձը»։

Արտադրվում է չամանի սերմի յուղ։

  •   Կաթեցրեք 1-3 կաթիլ յուղ շաքարի վրա, ընդունեք օրը 3-4 անգամ։ Տալիս են երեխաներին` փորացավը հանգստացնելու համար։
  • Կրծկեր երեխաներին տվեք չամանի ջուր, որը նույնպես վաճառվում է դեղատներում։

Ախորժակը լավացնող. Աղացեք սերմը, կես ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 60-100 մլ, օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ հետո, գոլ վիճակում, փոքր կումերով։ Օգտակար է փքվածության և որովայնում սպազմերի դեպքում։
Հազ. 1 ճ/գ սերմին ավելացրեք 400 մլ տաք (նախօրոք եփած) ջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա` առանց եռացնելու։ Քամեք տաք վիճակում։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց մեկ ժամ առաջ։
Քոս. Սերմը մանրացրեք, տրորեք հավանգով, ավելացրեք ձիթապտղի յուղ 1։20 հարաբերությամբ։ Երկու շաբաթ թրմեք տաք տեղում։ Օգտակար է նաև, եթե քնելուց առաջ կատարեք շփումներ մրսածության դեպքում։
Միզամուղ. Մանրացրեք երկու խնձորի կեղևը, տրորեք 2 թ/գ չամանի սերմը, խառնեք։ 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Մեկ օրվա չափաբաժինն է։ Խմեք փոքր կումերով։