Դանդուռը (պորտուլակ) մոլախոտ չէ, դեղ է

 

Դեռեւս Հիպոկրատի ժամանակներից դանդուռն օգտագործել են անքնության դեպքում, թունավոր օձերի կծելուց առաջացած վերքերը բուժելու, եւ առհասարակ` վերքեր բուժելու համար: Այն օգտագործվում է նաեւ մեղվի խայթոցի դեպքում ու դիզենտերիայի բուժման համար: Դանդուռի վերգետնյա հատվածը սպիտակուցներ, շաքար, տարբեր մակրոէլեմենտներ է պարունակում` կալցիում, մագնեզիում, նատրիում, կալիում, օրգանական թթուներ, ալկալոիդներ, սապոնիններ, գլիկոզիդներ, նորադրենալին եւ բազմաթիվ վիտամիններ: Դանդուռի տերեւները պարունակում են մոտ 300 գ վիտամին C, այլ վիտամիններ` E, PP, կարոտին, դոպամին, օրգանական թթուներ, հանքային աղեր, եւ այլն: Դանդուռի` աղցանների, ապուրների տեսքով հաճախակի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը, նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացումը: Թարմ բույսը օժտված է հակաբորբոքային, միզամուղ, լեղամուղ, շաքարի քանակությունը որոշակիորեն նվազեցնող հատկություններով: Դանդուռի թարմ բուսահյութը օգտակար է երիկամների բորբոքային հիվանդությունների, լյարդի եւ միզապարկի լորձաթաղանթի համար:

Այնպես որ, օգտակար են դանդուռի եւ սերմերը, եւ ցողունը, եւ տերեւները, եւ ծաղիկները: Գիտական բժշկության մեջ դանդուռի սերմերն ու բույսը օգտագործվում է որպես գլիստ տեսակի ճիճուների դեմ պայքարող միջոց: Դանդուռը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դանդուռի թարմ հյութն ու ջրաթուրմն ընդունում են աչքի հիվանդության ժամանակ: Այս բույսը շատ հայտնի է դարձել հատկապես Կալիֆոռնիայի 1849թ. ոսկե տենդի ժամանակ, երբ թվով 10.000 ոսկի փնտրողների մոտ ցինգա էր առաջացել: Մահից փրկվել հաջողվեց միայն նրանց, ովքեր իրենց սննդի մեջ սկսեցին դանդուռ օգտագործել: Բացի միզամուղ հատկություններից, դանդուռն ունի հակաբորբոքային նշանակություն: Ժողովրդական բժշկության մեջ դանդուռն օգտագործում են մի շարք հիվանդություններ բուժելու համար: Մանրացնել դանդուռի տերեւները, լավ տրորել, դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա ու ֆիքսել: Կամ` թանզիֆի կտորը թրջել դանդուռի հյութով ու դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա: Դանդուռն օգտակար է նաեւ ստամոքսի բարձր թթվայնության ու գաստրիտի դեպքում. դանդուռի 1 գդալ չոր տերեւների վրա լցնել 1 բաժակ եռջուր ու մարմանդ կրակի վրա եռացնել 15 րոպե, հետո քամել եւ ընդունել 2-3 ճաշի գդալ` օրվա մեջ 3 անգամ, ուտելուց հետո: Այս նույն դեղատոմսով կարելի է նաեւ բուժել թութքը: Քամել դանդուռի 2 ճաշի գդալ հյութը, այն բացել մի քանի ճաշի գդալ գոլ ջրով ու հոգնա անել` օրը 2 անգամ: Կրկնել 2 շաբաթ: Թույլ արտահայտված շաքարային դիաբետի դեպքում 2 ճաշի գդալ մանրացրած դանդուռի վրա լցնել 1,5 բաժակ եռջուր, թրմել եւ խմել: Ի դեպ, դանդուռն օգտագործվում է նաեւ բացիլային դիզենտերիայի դեպքում: Սերմերն օգտագործվում են խրթեշավոր որքինի (փպՔցռփՈՑօռ սՌՔՈռ) դեպքում: 2 ճ/գ սերմերը 2 թեյի բաժակ ջրի հետ էմալապատ տարայի մեջ 2-3 րոպե եռացնել, ապա թողնել սառչի, եւ օրը 3 անգամ ուտելուց հետո 1 ճաշի գդալով խմել: Հիպոկրատի ժամանակներում դանդուռի սերմերը համարվում էին օրգանիզմը մաքրող միջոց: Ավիցենան դանդուռի մասին հիշատակել է 70 անգամ:

Դանդուռի բուն հայրենիքը Հնդկաստանն է համարվում, չնայած այն մեծ տարածում ունի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ճապոնիայում այն օգտագործվում է որպես միզամուղ եւ հակաբորբոքային միջոց: Ինչպես նաեւ՝ օգտագործվում է լյարդի եւ երիկամների հիվանդությունների, հոնորեայի, սիֆիլիտիկ արտրիտի, ավիտամինոզի, պարալիչի, ինֆեկցիոն ծագում ունեցող հիվանդությունների դեպքում: Թարմ հյութը օգտակար է աչքի հիվանդությունների դեպքում: Որոշ երկրներում այն օգտագործվում է որպես սիրտ-անոթային հիվանդությունները ապաքինող միջոց: Սերմերի ջրաթուրմն օգտակար է ստամոքսի խանգարումների եւ պսորիազի դրսեւորումների դեպքում:

Ստամոքսի խանգարումների դեպքում 1 թեյի բաժակ եռջրի մեջ լցնել 1 թեյի գդալ դանդուռի սերմեր, 2-3 րոպե եռացնել, թողնել սառչի եւ օրը երեք անգամ խմել բաժակի 1/3 չափով: Իսկ պսորիազի եւ արտաքին ուռուցքների դեպքում դանդուռի սերմերը լավ տրորել, խառնել վազելինի հետ եւ քսել մաշկի վրա:

Դանդուռ խորհուրդ չի տրվում հիպերտոնիկներին, նյարդային ջղաձգումներ ունեցողներին:

Ի դեպ, հին եգիպտացիները թարմ դանդուռը մշտապես օգտագործել են սննդի մեջ: Հիերոգլիֆներում նույնիսկ այն հիշատակվում է` Մակխ-մակայ անվամբ: Հնագույն բժշկության մեջ դանդուռն իր ուրույն տեղն է ունեցել` նաեւ գլխացավերի, կոնյուկտիվիդի, արյունաթքության, ճիճուների, ստամոքսային հիվանդությունների բուժման համար: Արաբների մոտ նույնիսկ լեգենդ կա, ըստ որի` Մոհամեդը դանդուռի միջոցով բուժել է ոտքերի հիվանդությունը` քայլելիս ոտքերը հպելով դանդուռի տերեւներին: Արաբ բժիշկ Իբն Էլ-Բենտերը դանդուռով բուժել է լյարդի, երիկամների հիվանդությունները եւ շաքարախտը: Այն օգտագործվել է նաեւ որպես արյունաստեղծ միջոց: Դանդուռի թուրմը (1 ճ/գ չոր բույսի վրա լցնել 200 մլ եռջուր, 1 ժամ թրմել եւ թողնել սառչի) խորհուրդ է տրվում տղամարդկանց` սեռական անկարողությունը բուժելու համար: Թուրմը պետք է խմել օրը 3-4 անգամ` 2 ճ/գ չափով: Դանդուռին մենք դեռ կանդրադառնանք: