Բաղդադի խուրմա

 

Փյունիկյան արմավենին բարձր սլացիկ ծառ է մինչեւ 8 տասնյակ խոշոր, երկար տերեւներով։ Պտուղները (ֆինիկի) աճում են խիտ, մի քանի մետր տրամագիծ ունեցող ողկույզներով։ Մշակվել է ավելի քան 5000 տարի առաջ։
Հնագույն եգիպտական գրավոր արձանագրություններում կան նշումներ այս մասին (2500 թվական, Ն.Ք.)։
Արաբիայի անապատներում այդ սննդարար պտուղը փոխարինել է նույնիսկ հացին։ Արշավանքների ժամանակ արաբ զինվորները իրենց հետ տարել են պտղի մեծ պաշար։

Փյունիկյան արմավենու բնափայտում պարունակվող հյութից պատրաստում են ոգելից խմիչքներ, օշարակ, քացախ եւ այլն։

Հնագույն ժամանակներից այս պտուղը համարվել է Աստծո կողմից մարդկանց պարգեւած սնունդ։

Հին ժամանակներից փյունիկյան արմավենու պտուղը բնորոշել է առատություն, հարստություն, առողջություն։

«Բաղդադում խուրմա կա» թեւավոր խոսքը բնորոշում է արաբական խալիֆների ապարանքների անասելի եւ անհաշիվ հարստությունն ու շքեղությունը։

Խուրմայից արաբական երկրներում ստանում են ալյուր, յուրահատուկ տեսակի մեղր, երկար պահպանվող մածուկ։

Արտահանման ծավալներով առաջատարը Սաուդյան Արաբիան է։ Չկա այդպիսի Արաբական երկիր, որը չմշակի եւ չարտահանի այս հրաշալի պտուղը, որը մշակվում է նաեւ Իրանում, Կալիֆոռնիայում, Հարավային Աֆրիկայում։ Տեսակներն այնքան շատ են, որ նույնիսկ մասնագետները չեն կարողանում վերջնականորեն զանազանել դրանք։ Համարվում է, որ գոյություն ունի մոտ հազար տեսակ։

15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր «Անգիտաց անպետ» դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում արմավի վերաբերյալ գրում է. «Փյունիկյան արմավը շատ տեսակներ ունի։ Ամենալավը մսոտ ու քաղցր տեսակն է։ Օժտված է մարմինը մաքրող ու ամրացնող հատկությամբ։ Եթե դրա կորիզն այրեն ու քսեն գլխին, կամրացնի մազերը, կնպաստի դրանց աճին։

Հացհամեմի հետ եփելու եւ ուտելու դեպքում կօգնի ասթմայով ու շնչահեղձությամբ տառապողներին։ Եթե արմավը թրջեն կաթի մեջ եւ ուտեն, կառատացնի սերմնարտադրությունը։ Այս պտուղը սննդարար ուտելիք է։ Այն թանձրացնում է արյունը ու տարրալուծում է քարերը։ Եթե յուղի հետ լավ տրորեն ու քսեն քարացած ուռուցքին, կօգնի։

Իսկ վարդի յուղի հետ խառնած արմավը կօգնի եղունգների խոցերի դեպքում։ Բայց վնաս է միզապարկի եւ երիկամների համար»։ Ավելի քան 2000 տարվա վաղեմության բնակավայրի պեղումների ժամանակ իսրայելցի գիտնականները հայտնաբերել են արմավի սերմեր։ Նրանց հաջողվել է աճեցնել այդ սերմերը։ Պարզվել է, որ այդ տեսակն ունի յուրահատուկ բուժիչ հատկություններ եւ անհետացել էր 500 տարի առաջ։

Փյունիկյան արմավենու պտուղները պարունակում են ենթավիտամին A, B խմբի վիտամիններ, ավելի քան 23 տեսակ ամինաթթուներ, որոնք բնորոշ են միմիայն այս պտղին։ Չորացած պտուղներում պարունակվում է մինչեւ 65 % շաքար, հիմնականում մրգաշաքար եւ խաղողաշաքար։ Իր կալորիականությամբ զիջում է միայն քիշմիշին (310) եւ հավասար է ծիրանի, թզի, բալի, չրերի կալորիականությանը։

Մի քանի րոպե տաք կաթի մեջ մնալուց հետո զգալիորեն լավանում է պտուղների համը եւ օգտակարությունը։

Օրվա մեջ ուտելով 10 հատ պտուղ՝ բավարարվում է օրգանիզմի պահանջը մագնիումի, պղնձի, ծծմբի հանդեպ, կիսով չափ երկաթի եւ մեկ քառորդով կալցիումի հանդեպ։

Հարուստ է կալիումով, այդ պատճառով մեծ կիրառում է գտնում սիրտ-անոթային հիվանդությունների, մասնավորապես՝ հիպերտոնիայի դեպքում, որպես դիետիկ սնունդ։

Սակայն որոշ քանակությունից հետո ճնշումը կարող է բարձրանալ։ Խոլեստերինի պարունակությունը գրեթե զրոյական է եւ օգտագործվում է աթերոսկլերոզի եւ որոշ ուռուցքային հիվանդությունների կանխարգելման նպատակով։ Պարունակելով զգալի քանակությամբ բջջանյութ՝ իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Շատ օգտակար է մտավոր աշխատանք կատարողներին, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ շաքարանյութ։ Մագնումի զգալի պարունակության շնորհիվ՝ կարգավորվում է մարդու ֆիզիկական եւ հոգեկան վիճակը, բարձրանում է տրամադրությունը։ Պտուղները օգտակար են նաեւ այն մարդկանց, ովքեր ունեցել են ոսկրային կոտրվածք։ Պտուղը պարունակում է նյութ, որն իր բաղարդությամբ նման է օքսիտոցին կոչվող հորմոնին, որի շնորհիվ ավելանում է կերակրող մայրերի կաթը։

Եթե դուք գնել եք չորացրած արմավի պտուղները, ապա անպայման ենթարկեք դրանք ջրային մաքրման, ցանկալի է՝ տաք ջրով, քանի որ դրանք մշակված են ծծմբային գազերով։ Պետք է պահել սառնարանում կիպ պահված տարայի մեջ, քանի որ դրանք կլանում են կողմնակի շրջապատի հոտերը։

Սնունդը՝ դեղ

200 գրամ կորիզներից անջատված պտուղը եփեք 1 լ կաթի մեջ մինչեւ 20 րոպե, եւ կերեք այդ պտուղները սնունդ ընդունելուց 10-15 րոպե առաջ, նվազեցնում է ախորժակը եւ նպաստում նիհարելուն։