Աստվածային արքայանարինջ

 

Diospyros lotus-թարգմանվում է աստվածային ուտեստ։ Անվանում են նաեւ չինական դեղձ, ճապոնական կամ կովկասյան խուրմա, երկարակեցության պտուղ, սրտի բալասան խնձոր, արքայանարինջ։ Պատկանում է Էբենոս ընտանիքին, որոնց սեւ գույնի արժեքավոր բնափայտը կոչվում է ապանոզ։
Աճում է Սեւ եւ Կասպից ծովերի արեւադարձային գոտում, Ղրիմում, Արեւելյան Առաջավոր եւ Փոքր Ասիայում, այլ վայրերում։ Արքայանարինջը սիրում է հաստ հողի շերտով եւ մաքուր աղբյուրների ջրով լի ձորակներ, ծովափնյա շրջաններ։ Բարձրությունը հասնում է մինչեւ 25 մետրի, տերեւներն օվալաձեւ-երկարավուն են։ Ունեն փայլուն, մուգ կանաչ գույն։ Ծաղիկներն աճում են կարճ ծաղկակոթունների վրա, տերեւների տակ թաքնված։ 2 կամ 3 հատ առէջքային ծաղիկները տեղավորված են կիսահովանոցիկների մեջ, վարսանդավորները միայնակ են։ Պտուղը գնդակերպ է, մսոտ, դեղնանարնջագույն։ Ըստ չինական ավանդազրույցի, մշակվել է այդ երկրում մոտ 2200 տարի առաջ։ Օգտագործվել է որպես բուժիչ միջոց։ Լայն տարածում ունի Ճապոնիայում։

Թարմ պտուղները սառեցրած վիճակում պահպանում են իրենց օգտակար հատկությունները 3-4 ամիս։ Տնային պայմաններում արագ հասունացնելու համար պտուղը հարկավոր է 10-12 ժամ պահել գոլ ջրի մեջ (30-400C), կարելի է նաեւ պտուղը ծակել սպիրտի մեջ թաթախված ասեղով։ Այս գործողությունները կատարվում են, որպեսզի պտղի միջից դուրս գա կպչուն համ առաջացնող տանինը։

Ծովափնյա շրջանների սարերը եւ խառը անտառները պաշտպանում են տեղանքը քամիներից, ստեղծում խոնավ եւ յոդով հագեցած միջավայր։ Արքայանարինջը կլանում է այս յոդը։ Այդ է պատճառը, որ այս պտղից ստեղծվել է 40% յոդ պարունակող դեղամիջոց, որը օգտագործվում է հիպոտերիոզի եւ տիրեոտոքսիկոզի բուժման նպատակով։

Արքայանարինջն օգտակար է ապագա մայրերին, որոնց յոդի օրվա չափաբաժինը հասնում է 200 մկգ-ի։ Այս չափաբաժինը նորածնի ֆիզիկական եւ մտավոր զարգացման գրավականն է։ Մինչեւ 6 տարեկան երեխաների համար յոդի 1 օրվա չափաբաժինը 90 մկգ է։

100 գրամ արքայանարնջի կալորիականությունը 63 կկալ է։ Օրվա մեջ 2-3 պտուղ ուտելու դեպքում զգալիորեն բավարարվում է օրգանիզմի յոդի պահանջը։ Փորկապությունից խուսափելու համար այն պետք է ուտել խնձորի (45 կկալ) հետ, առանց սառը ջուր օգտագործելու։

Արքայանարինջը հարուստ է կալիումով, պարունակում է կալցիում, մագնիում եւ ֆոսֆոր, որոնց փոխադարձ հարաբերություններն այնպիսին են, որ կարգավորում են մաշկի, ենթամաշկային ճարպաշերտի, հյուսվածքների, մկանների, հոդերի եւ ոսկորների համաչափ աճը։ Այդ է պատճառը, որ արքայանարինջը խորհուրդ է տրվում կոտրվածքների ապաքինման, օստեոխոնդրոզի, օստեոպարոզի դեպքում, որպես դիետիկ սնունդ։ Այս դեպքում պտուղը շատ լավ է զուգակցվում 20% յուղայնությամբ կաթնաշոռի հետ (230 կկալ)։ Այս խառնուրդը նպաստում է կալցիումի յուրացմանը։

Արքայանարինջը պարունակում է նաեւ վիտամիններ C եւ P, ենթավիտամին A, ածխաջրեր, պեկտին, դաբաղանյութ, երկաթ, պղինձ եւ այլն։ Խաղողաշաքարի եւ մրգաշաքարի պարունակությունը կարող է հասնել մինչեւ 25%-ի, կախված հասունացման աստիճանից։ Բուժիչ հատկություններ ունեն նաեւ տերեւները (հավաքում են ծաղկման շրջանում), հարուստ են C վիտամինով։ Տերեւները խաշում եւ դնում են վերքերի, կտրվածքների, այրվածքի վրա։ Արքայանարնջի պտղակոթունները (օրը մինչեւ 7 գրամ) կարգավորում են սեռական խանգարումները։

Այս պտուղն ունի միզամուղ հատկություն, կանխարգելում է քարերի առաջացումը։ Կարգավորում է մարսողությունը, նպաստում վիտամինների յուրացմանը, դրական ներգործություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա, որոշ դեպքերում կարող է փոխարինել վալոկարդինին։ Արքայանարինջն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Պեկտինի բարձր պարունակության շնորհիվ օրգանիզմը մաքրվում է թույներից։ Կարգավորում է աղիքային միկրոֆլորան։

Այս պտուղը նպաստում է էնդորֆին կոչվող հորմոնի արտադրությանը, որի շնորհիվ լավանում է տրամադրությունը, ուժեղանում օրգանիզմի դիմադրությունը։ Արքայանարինջը նպաստում է արյունատար անոթների պատերի ամրացմանը, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, ունի հակակոնցեռագեն հատկություն։

Քրոնիկ հիվանդությունների դեպքում արքայանարնջով սննդակարգը պետք է համաձայնեցնել բժշկի հետ։ Զգայուն կոկորդ ունեցողները պետք է զգույշ լինեն սպազմներից։

Սնունդը՝ դեղ

Վերցնել 20 գրամ արքայանարինջ եւ 1 հատ փոքր կիտրոն (կեղեւից մաքրած), պտուղները ազատել կորիզներից եւ հարել բլենդերով։ Կես թեյի գդալ կոճապղպեղը) (իմբիր) 30 րոպե թրմել 0,5 լ եռացրած ջրի մեջ, գոլ վիճակում թուրմը քամել եւ խառնել մրգային կոկտեյլին։ Սառելուց հետո ավելացնել 1,5 ճաշի գդալ մեղր։ Այս բազմավիտամինային ըմպելիքն առավելապես օգտակար է լարված մտավոր աշխատանք կատարողներին։ Պահպանում է մրսածությունից, ունի տաքացնող հատկություն, խմելուց առաջ խառնել։

Սրտի համար օգտակար է՝

– Միասին եփել հավասար քանակությամբ դդումի միջուկն ու արքայանարինջը։

– Աղալ 200 գրամ թուզ, 300 գրամ կիտրոն (կեղեւով), 400 գրամ արքայանարինջ, ավելացնել 50 մլ օղի եւ 50 գրամ մեղր։ Լավ խառնել։ Ուտել օրը 3 անգամ՝ մեկական ճաշի գդալ։

Անեմիայի դեպքում՝ օգտակար է արքայանարնջի եւ նռան հյութերի եւ ջրի խառնուրդը 3։1։1 հարաբերությամբ։

Հազի եւ կոկորդի հիվանդությունների դեպքում՝ կատարել ողողումներ գոլ ջրի հետ խառնած թարմ հյութով։

Դիմակներ

Մանր կնճիռների դեպքում 

Հասած, կորիզներից առանձնացրած արքայանարնջի պտղամիսը խառնեք սերուցքի (սլիվկի) հետ հավասար քանակությամբ, քսեք դեմքին։

15-20 րոպե հետո լվացեք դեմքը գոլ ջրով։

Ճարպոտ մաշկի դեպքում 

Պտղամիսը խառնեք հարած ձվի սպիտակուցի հետ։ Քսեք դեմքին եւ պահեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով, ցայեք սառով։ Մաքրում է դեմքը՝ թարմացնելով, սպիտակեցնելով մաշկը։

Քսուք չոր եւ նորմալ մաշկի դեպքում 

Մեկական ճաշի գդալ տրորած, շիլայատիպ պտուղներին ավելացրեք կարագ, 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ մեղր։ Քսեք դեմքին, պահեք 20-30 րոպե։ Ավելցուկը հեռացրեք անձեռոցիկով։