Դեղաբույսի նկարագրությունը–Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս է:

Մշակովի անանուխը ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերևներ, կարմրավուն ծաղիկներ: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, բազմանում վեգետատիվ եղանակով: Բույսը ցրտադիմացկուն է, խոնավասեր և պահանջկոտ լույսի նկատմամբ: Լավ աճում է 18-22 աստիճանի պայմաններում, իսկ շոգ եղանակներին աճը խիստ դանդաղում է:

Բույսի ցեղի «մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից, որին բուսաշխարհի աստվածուհի Պերսեփոնեն դարձրեց անանուխ` Աֆրոդիտեին նվիրելու համար:

Բուժական նշանակությունը-Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները: Հումքը հավաքում են ծաղկման սեզոնին, մի քանի ժամ թողնում արևի տակ, հետո լրիվ չորացնում քամահարվող, հով տեղում: Մշակված հումքը պահում են ֆաներային արկղերի մեջ: Դեղաբույսը բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի և վերջինիս հիմնական բաղադրիչ մասը կազմող մենթոլի ձևով: Միջնադարում համարում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը:

Ամրիդովլաթը նշում է, որ անանուխը կամ նանան օգնում է գլխացավին, վանում բերանից սխտորի կամ սոխի հոտը, օգնում սրտխփոցին, տաքացնում և ուժեղացնում է ստամոքսը, կտրում ործկալը և փխսումը, բուժում դեղնուկը, սպանում ճիճվին, վերացնում մարսողության խանգարումը, դադարեցնում արյունահոսությունը, օգնում շան կծածին, կարիճի և մեղվի խայթածին:

Բույսի եփուկը և կաթիլները լոգանքների ձևով օգտագործում եներեխաների ռախիտի, գեղձախտի և  ստամոքսաղիքային տրակտի ժամանակ:  Տարբեր ազգերի ժողովուրդական բժշկության մեջ հիմնավորված է, որ անանուխը ավելացնում է ստնտու մոր կաթը: Տերևների թրջոցն օգտագործում են ռևմատիկ հոդացավերի ժամանակ:

Կիրառման եղանակները–Ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ մանրացրած թարմ հումք, 30 րոպե թրմում 1 բաժակ եռման ջրում, քամում ու գոլ վիճակում ըմպում կումերով` 1 օրվա ընթացքում: Այս թուրմը կարելի է օգտագործել բերանի խոռոչը և կոկորդը ողողելու, ինչպես նաև մաշկի քորի ժամանակ:

Եփուկ պատրաստելու համար վերցնում են 50 գ հումք, մեկ դույլ ջրում եռացնում 15 րոպե, որից հետո օգտագործում լոգանքների կամ հոգնայի նպատակով և նյարդային ընդհանուր անհանգիստ վիճակի դեպքում:

Տերևների փոշին օգտագործում են 1-2 պտղուց կամ դանակի ծայրով վերցրած քանակով, օրական 1-2 անգամ գոլ ջրով` բերանի համը վերականգնելու, վատհոտը վերացնելու, ստամոքսաղիքային տրակտի ցավերը դադարեցնելու համար և այլն:

Այլ օգտակար  հատկանիշները – Անանուխը լայնորեն կիրառվում է սննդի մեջ: Այն ավելացնում են կարկանդակին, սալաթին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին: Նրանով համեմում են թեյը, կվասը, լիկյորը, հրուշակեղենը, ծխախոտը, օգտագործում են նաև կոսմետիկայում:
Բույսը մեղրատու է: Ստացված մեղրը սաթագույն է, հաճելի բույրով ու համով և դեղաբույսին հատուկ բուժիչ հատկանիշներով: