Այս բույսն անվանում են տնային բժիշկ: Այն փափուկ հյութեղ տերևներ ունի: Դրանցից հյութ են քամում, որը հաջողությամբ կիրառվում է վերքերի, այդ թվում և թարախային վերքերի, երկար ժամանակ չփակվող տրոֆիկ խոցերի, պառկելախոցերի, կարմիր քամու բորբոքումների բուժման համար: Կալանխոեի հյութը օգտագործվում է նաև տոնզիլիտների, հայմորիտների, ստոմատիտների, պարադոնտոզների, գինեկոլոգիական հիվանդությունների (էրոզիաների, արգանդի վզիկի բորբոքումների ևն) բուժման նպատակով:
Հյութը ստանալու համար անհրաժեշտ է կալանխոեի տերևները 7 օր պահել մութ տեղ, 5-10 ջերմաստիճանում, այնուհետև լվանալ և անցկացնել հյութքամիչով: Բուժիչ ազդեցություն է թողնում նաև կալանխոեի քսուքը, որը պատրաստում են կալախոեի 40 մասից, լանոլինի 60 մասից և հավասար քանակությամբ վերցրած (0,25-ական մաս) ֆուրազոլիդոնից և նովոկաինից: Քսուքը կարելի է նախապես պատրաստել, որպեսզի այն միշտ ձեռքի տակ լինի արտակարգ իրավիճակների կամ անհետաձգելի օգնության դեպքում:
Դաղձ (անանուխ)
Ձեր պատուհանին դուք կարող եք դաղձ աճեցնել, որը ամառանոցատերերը սովորաբար իրենց բանջարանոցը քաղհանելիս անխնա պոկոտում են: Եթե աշնանն այն տնկեք ծաղկամանում և դնեք պատուհանին, ապա արդեն ցուրտ դեկտեմբերին կտեսնեք նուրբ բաց կանաչ տերևները, որոնք թարմ ու սուր հոտ ունեն:
Դաղձը լայնորեն կիրառվում է պաշտոնական և ժողովրդական բժշկության մեջ: Այն օրգանիզմի վրա ցավազրկող ու հակաբորբոքային ազդեցություն է թողնում, լավացնում ախորժակը և մարսողական գեղձերի սեկրեցիան: Շատ տնտեսուհիներ գիտեն, թե այն ինչ հիանալի խոհարարական հավելում է:
Եթե դաղձ եք աճեցրել ձեր պատուհանին, ապա Նոր տարուն կարող եք դրանից շատ պարզ ու տարաշխարհիկ ուտեստ պատրաստել` շաքարացված դաղձ. դաղձի տերևներն ընկղմում ենք հարած սպիտակուցի մեջ, ապա` 1-2 րոպե եռացող շաքարաջրի մեջ, դասավորում ափսեի մեջ և թեթևակի չորացնում: Ձեր հյուրերը հաճելիորեն կզարմանան` փորձելով այդ քաղցրավենիքը: