Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:
Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 մ (Մեծ Մասիս):
Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս լեռնային համակարգերը և Հայկական հրաբխային բարձրավանդակը: Արևելապոնտական լեռնաշղթան հյուսիսից եզերում է լեռնաշխարհը և 400 կմ երկարությամբ ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ: Առավելագույն բարձրությունը 3937 մ է (Քաջքար լեռ): Առանձնանում են Գիրեսուն, Զիգանա, Տրապիզոնի, Գյումուշխանե, Լազիստանի լեռնաշղթաները: Այս մասում Նոր Շիրական լեռներն արևելքում միանում են Հայկական լեռներին:
Հայկական լեռնաշխարհի հարավում ձգվում է Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնային համակարգը, որն ունի բազմաթիվ լեռնաբազուկներ՝ Նուրհակի, Մալաթիայի, Սիմսարի, Բիթլիսի, Սասնա, Ընձաքիարս, Շատախի և այլն: Ամենաբարձր կետը Նուրհակ լեռն է (3090 մ): Նշանավոր են նաև Մարութա լեռ (2967 մ), Աչքասար (2940 մ), Սիմսար (2685 մ) լեռնագագաթները:
Փոքր Կովկասի լեռնային համակարգը եզերում է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և հյուսիս-արևելքից:
Կորդվաց լեռները Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներից ամենաբարձրն են (3500–4000 մ). զբաղեցնում են լեռնաշխարհի հարավարևելյան մասը՝ Վանա և Ուրմիա լճերի գոգավորությունների միջև:
Հայկական հրաբխային բարձրավանդակը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը (տարածքը՝ 100 հզ. կմ2): Այն բարձրադիր լեռնավահանների (Գեղամա, Վարդենիսի, Ջավախքի), լեռնազանգվածների (Բյուրակնի, Աբուլ-Սամսարի, Ծաղկանց, Արագածի, Սյունիքի և այլն), խոշոր սարահարթերի (Արդահանի, Ախալքալաքի, Կարսի, Շամիրամի, Կոտայքի), ընդարձակ դաշտերի (Էրզրումի, Տվարածատափի, Ալաշկերտի, Բասենի, Խնուսի, Մշո և այլն) համալիր է:
Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում է գտնվում Բյուրակնի (Հազար լճեր) բարձրավանդակը, որի ամենաբարձր գագաթը Սրմանցն է (3250 մ): Այստեղ են գտնվում նաև Սերոկի, Հավատամք, Շուշարի, Թեքման սրածայր գագաթները: Սրմանց լեռնագագաթի հյուսիսարևմտյան լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ:
Բյուրակն և Մասիս լեռնազանգվածների միջև գտնվում է Հայկական Պար լեռնաշղթան: Նրա ամենաբարձր լեռնագագաթը Սուկավետ լեռն է (3445 մ), որի լանջին՝ 3284 մ բարձրության վրա էր գտնվում Սուկավետի վանքը՝ Հայկական լեռնաշխարհի երբեմնի ամենաբարձր բնակելի կետը:
Վանա լճից հյուսիս-արևելք 65 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում են Ծաղկանց լեռները, որոնց բարձր գագաթներն են Ալադաղը (3351 մ), Ծաղկոն (3519 մ), Նպատը (2332 մ): Վերջինիս ստորոտում՝ Արածանիի հովտում է գտնվում նշանավոր Ձիրավի դաշտը, որտեղ 371 թ-ին Պապ թագավորի ղեկավարությամբ տեղի է ունեցել ճակատամարտ պարսիկների դեմ: Ծաղկանց լեռները եղել են Հայոց Արշակունի թագավորների ամառանոցը: Այստեղ էին տեղի ունենում Նավասարդյան մարդաշատ տոնախմբությունները:
Լեռնաշխարհից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը՝ Արածանին, Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը և Ճորոխը:
Հայկական լեռնաշխարհի լճերն ունեն տեկտոնական (Ուրմիա, Ծովք), տեկտոնահրաբխային (Վանա, Սևանա, Արփի, Գայլատու), հրաբխային (Խանչալի, Փարվանա), խառնարանային (Նեմրութ, Աժդահակ), սառցադաշտային (Ալ, Սև, Քարի), սողանքային (Պարզ) ծագում:
Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հզ. բուսատեսակ, որից 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը: Անտառներում աճում են նշենի, տանձենի, խնկենի, հացենի, բոխի, կաղնի, գիհի, հաճարենի և այլ ծառատեսակներ: Բարձրլեռնային գոտիները հարուստ են մարգագետիններով:
Բազմազան է նաև կենդանական աշխարհը: Լեռներում ապրում են վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը, շնագայլը, ցածրադիր ու նախալեռնային շրջաններում և տափաստաններում՝ տափաստանային կատուն, սպիտակափոր ոզնին, փոքր կամ հարավային խլուրդը, փոքրասիական և փոքր ճագարամկները, օձերից՝ գյուրզան, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, կարմրափոր սահնօձը: Թռչուններից տարածված են սև և սևախածի կեռնեխները, դաշտային մկնաճուռակը, մանրաբազեն, մոխրագույն կաքավը, արտույտները, քարաթռչնակները, ճահճային մկնաճուռակն ու լորաճուռակը: Շատ են միջատները, մորեխները, սարդերն ու մորմերը: Անտառներում ապրում են այծյամը, վարազը, արջը, սկյուռը: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով. նշանավոր են Սևանի իշխանը, Վանա տառեխը, կարմրախայտը:
Հայկական լեռնաշխարհի միավորներին տրվել է ավելի քան 150 հզ. տեղանուն, որոնց հետ անխզելիորեն կապված է հայ ժողովրդի պատմությունը: