Հնդկացորենը օգտակար է

 

 

 

 

Հնդկացորենը համեղ է, սննդարար և շատ օգտակար: Սպիտակուցների քանակով այն գերազանցում է բոլոր հացահատիկային բույսերին՝ զիջելով միայն լոբազգիներին: Այդ իսկ պատճառով, այն կարող է փոխարինել մսին: Հնդկացորենը խթանում է արյունագոյացումը, ամրացնում է անոթները և սիրտը: Վիտամիններ B1, B2, B6,P, ինչպես նաև կալցիումի և երկաթի առկայությունը նպաստում են վարակամերժության (իմմունիտետ) ամրացմանը: Շատ օգտակար է կաթով պատրաստված հնդկացորենի շիլան:

Որպես աթերոսկլերոզի կանխարգելիչ և արյան անոթների ամրապնդման միջոց խորհուրդ է տրվում ամեն օր խմել 2 բաժակ հնդկացորենի անուշապուր (կիսել): Պատրաստելը շատ հեշտ է՝ անհրաժեշտ է մանրացնել հնդկացորենի հատիկները, 3 գդալ բացել 300 մլ սառը ջրով և մի քանի րոպե անընդհատ խառնելով եփել:

Հնդկացորենը վաղուց արդեն ընդգրկված է տարբեր սննդակարգերի մեջ: Այս շիլայից նիհարում են, պարզապես հարկավոր է իմանալ պատրաստման եղանակը: Թվում է, թե պատրաստման մեխանիզմը շատ պարզ է, եփում ենք 20 րոպե և շիլան պատրաստ է: Սակայն այդպիսի շիլայից շատ շուտ կարելի է ձանձրանալ: Իսկ եթե երեկոյան հնդկացորենի վրա ջուր լցնել և թողնել մինչև առավոտ, իսկ առավոտյան եփել  և պահել որոշ ժամանակ տաք  տեղում՝ կստացվի բոլորովին այլ շիլա:

Հնդկացորենի ծննդավայրը Հիմալայներն են: Այստեղից այն տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և հիմա մեզ մոտ դարձել է սովորական կերակուր:  Աշխարհում հնդկացորենը դասվում է էլիտար մթերքների  շարքին, որոնք սովորաբար ավելի թանկ արժեն:

Հետաքրքիր փաստեր, օրինակ Չինաստանում հնդկացորենի ալյուրից պատրաստում են շոկոլադ: Ճապոնիայում հնդկացորենը և բրինձը համարժեք են, իսկ Իտալիայի որոշ շրջաններում հնդկացորենի հատիկները չորացնում են և ուտում արևածաղկի պես:

Հնդկացորենը, երևի թե միակ  բույսն է, որը չի վախենում մոլախոտից այլ ընդհակառակը՝ ճնշում է դրանց: Ցանելուց հետո ընդամենը մեկ տարի անց դաշտում չի մնում ոչ մի մոլախոտ: