Առողջաբեր կալենդուլա

Հին աշխարհում, եգիպտացիների մոտ վաղենակը համարվել է սուրբ բույս և գնահատվել բավականին թանկ։

Միջնադարյան գրքերից մեկում գրված է, որ բավական է մի քանի վայրկյան նայել վաղենակի ծաղկած բույսին, որպեսզի լավանա մարդու տրամադրությունը և ամրանա տեսողությունը։ Նույն ժամանակաշրջանում, ըստ գոյություն ունեցող հավատալիքի, աղջիկները վաղենակի վառ ծաղիկներով պսակներ են գործել և զարդարվել իրենց ծննդյան կամ անվանակոչության օրերին. համարվում էր, որ դա երջանկություն կբերի։

Վաղենակ բժշկականը` Calendula officinalis միամյա բույս է. պատկանում է բարդածաղկավորների (կամ աստղածաղկավորների) ընտանիքին։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը մոտ 60 սմ է։ Տերևները հավաքված են գագաթային զամբյուղաձև ծաղկաբույլերի մեջ. զամբյուղիկները խոշոր են` 4-5 սմ տրամագծով։

Արտաքին լեզվակավոր ծաղիկները վարսանդավոր են, ներքին խողովակավոր ծաղիկները` անպտուղ։ Ծաղիկները դեղնանարնջագույն կամ մուգ նարնջագույն են։ Պտուղները կեռ սերմիկներ են։ Սերմը երկար է պահպանում ծլունակությունը` 2-3 տարի, և ծլում է 7-15 օրում։ Վաղենակը քչապահանջ բույս է, հաճախ է օգտագործվում անբերրի, քարքարոտ հողամասերի ծաղկազարդման, կանաչապատման համար։ Սակայն շատ լավ է աճում արևոտ և լուսավոր, պարարտ, չափավոր խոնավ հողերի վրա։

Բույսի հայրենիքը Կենտրոնական և Հարավային Եվրոպան է և Միջին Ասիան։ Գիտական անվանումն առաջացել է լատիներեն Calendae բառից, որը հին հռոմեական օրացույցում համապատասխանեցվել է ամիսների առաջին օրվան, օրինակ` հունվարի 1, փետրվարի 1 և այլն։

Հռոմեական կայսրությունում զաֆրանը շատ հարգի և թանկարժեք համեմունք էր, ինչի պատճառով հասանելի չէր չքավոր մարդկանց։ Այդ իսկ պատճառով սննդի մեջ օգտագործում էին վաղենակի ծաղկաթերթերը։ Այդ «կեղծիքը» չի զիջել իր դիրքերը մինչև մեր օրերը. գաղտնիքը նրանում է, որ ծաղիկները պարունակում են կալենդուլին կոչվող ներկանյութ, որին բույսի ծաղիկները պարտական են իրենց հրաշալի գույների համար։ Կալենդուլինը հեշտ է լուծվում ճարպի մեջ, այն գեղեցիկ գույն և հաճելի բուրմունք է հաղորդում ապուրներին, սոուսներին, խմորեղենին։

Խոհարարությունում ընդունված է եփել վաղենակի ծաղկաթերթերը կաթի մեջ և այդ լուծույթով հունցել խմորը։

Վաղենակը հարգի է նաև` որպես զարդաբույս, քանի որ շատ երկար ժամանակ է ծաղկում` մինչև խոր աշուն, և ուրախացնում է մեր աչքն իր գեղեցկությամբ։
Վաղենակը բազմանում է ինքնացանի միջոցով. մշակման դեպքում ցանքը կատարում են տարբեր ժամանակներում գարունքից մինչև ձմեռնամուտ. մշտապես ունենալով աչքին հաճելի ծաղկող` շիկակարմիր բույսեր։

Վաղենակը ընդգրկված է բազմաթիվ երկրների դեղաբանական ցանկի մեջ, լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկությունում։ Բուժիչ նպատակներով օգտագործվում են ծաղկազամբյուղները, որոնք պետք է հավաքել այն բույսերից, որոնց լեզվակավոր ծաղիկները գտնվում են հորիզոնական դիրքով։ Զամբյուղիկը պետք է կտրել ծաղկակալի հիմքից։ Չորացման ժամկետը ոչ լուսավոր, լավ օդափոխվող չորանոցում 4 ժամ է. զամբյուղները պետք է փռել բարակ շերտով։

Ծաղիկները պարունակում են զգալի քանակությամբ պարաֆինային շարքի ածխաջրեր, եռտերպենային գլիկոզիդներ, ֆլավոններ` նարցիսին, իզոկվերցիտրին, ռամնետին, նաև եթերային յուղ, ինուլին, դառնահամ և լորձանման նյութեր, խնձորաթթու, սալիցիլաթթու, ասկորբինաթթու, մոխիր, մակրո և միկրո տարրեր։

Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել է զգալի քանակությամբ բույսին բնորոշ դառը նյութ` կալենդեն, սերմերում պարունակվում են ճարպային գլիցերիդներ։ Ծաղիկներն ունեն մանրէասպան, հակաբորբոքային, վերքամոքիչ, հանգստացնող, հիպոտենզիվ հատկություն։ Նաև նպաստում են սրտի աշխատանքին և ակտիվացնում փոխանակման գործընթացները լյարդում։

Չիբան. 10 գ փոշիացրած ծաղիկները խառնեք 50 գ վազելինի հետ։ Քսուքը պահեք սառնարանում։
Տրոֆիկ խոց. Մանրացրեք, խառնեք մեկական մաս սրոհունդի, ձիաձետի, հազարտերևուկի, մանուշակ եռագույնի խոտերը, կաղնու կեղևը, 2-ական մաս վաղենակի և երիցուկի ծաղիկները։ 2 ճ/գ հումքին ավելացրեք 400 մլ եռջուր, 2 ժամ թրմեք ջերմապահում, քամեք։ Դրեք թրջոցներ։ Միաժամանակ ընդունեք մեկական թ/գ ծաղկափոշի` օրը 3 անգամ, սակայն ոչ ուշ 16:00-ից։
Կրծքագեղձի ուռուցք. Ճյուղից կտրված` վաղենակի թարմ ծաղիկը և տերևը տրորեք հավանգով, ավելացրեք մեղր (1։3), խառնեք։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ. շարունակեք 1 ամիս։
Ճարպակալում. Մանրացրեք, խառնեք մեկական մաս սրոհունդի խոտ, մասուրի պտուղ (սերմերից մաքրած), վաղենակի ծաղիկ, եգիպտացորենի մազմզուկ, 2-ական մաս անմեռուկի ծաղիկ, կեսական մաս հազարտերևուկի խոտ, վուշի սերմ, երիցուկի ծաղիկ, դաղձի տերև։ 2 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։
Աչքի ոսպնյակի մաքրում. 2թ/գ վաղենակի ծաղիկը 30 րոպե թրմեք 400 մլ ջրի մեջ, քամեք թանզիֆով։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Նույն թուրմով դրեք թրջոց աչքերին։
Կատարակտ. 3թ/գ վաղենակի մանրացրած ծաղկին ավելացրեք 500 մլ եռջուր, 2 ժամ թրմեք ջերմապահում։

Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Նույն թուրմով լվացեք աչքերը։ Կիրառելի է նաև թրջոցի ձևով` տիկնակլունձի դեպքում, կատարեք օրը 2-3 անգամ։
Կլիմաքս, նևրոզ. Խառնեք մեկական մաս ալոճի և մասուրի պտուղներ, վաղենակի ծաղիկ, առյուծագի տերև։ 4 ճ/գ հումքին ավելացրեք 500 մլ ջուր։ 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե հետո։
Դաշտանի խանգարում, միգրեն. Խառնեք 3-ական մաս երիցուկի ծաղիկ, առյուծագի, 2-ական մաս մասուրի պտուղ, եղեսպակի, չորածաղկի, սրոհունդի, հազարտերևուկի խոտերը, ալոճի և վաղենակի ծաղիկները։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացեք 500 մլ եռջուր, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ` գոլ վիճակում, 1 թ/գ մեղրի հետ, օրը 3-4 անգամ։

Օգտագործեք նախադաշտանային սինդրոմի դեպքում` դեպրեսիա, անքնություն, ցավեր սրտի շրջանում, դյուրագրգռություն։
Գլխացավ, միգրեն. Մանրացրեք, խառնեք 1-ական մաս սրոհունդի խոտ, կատվախոտի կոճղարմատ, դաղձի և գետնամորի անտառայինի տերևներ, երիցուկի և վաղենակի ծաղիկներ։ Ավելացրեք 1 լ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ։
Էկզեմա. Խառնեք 2-ական մաս ռոդիոլա վարդագույնի (Rodiola rosea) կոճղարմատ, վաղենակի ծաղիկ, 3-ական մաս մատուտակի արմատ, բեկտենու պտուղ, 5-ական մաս չորածաղիկ և կատվալեզվի խոտեր, մասուրի պտուղ։ 2 ճ/գ հումքը 6 ժամ թրմեք նախօրոք եռացրած գոլ ջրի մեջ։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ, կամ նույն քանակի հումքին ավելացրեք 200 մլ եռջուր և 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 30 րոպե։ Խմեք վերոգրյալ չափաբաժիններով։
Փսորիազ. Խառնեք 1-ական մաս ծիծեռնախոտի, եղեսպակի, կատվալեզվի խոտերը, վաղենակի ծաղիկ, մասուրի պտուղ, գայլուկի կոն։ 2 ճ/գ հումքը 6 ժամ թրմեք 200 մլ գոլ ջրում։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։
Յուղամզվածք. Թարմ, մանրացրած ծաղկաբույլերին ավելացրեք 300 մլ զտված տաք` 50-60 C բուսայուղ։ Թրմեք 3 շաբաթ, ընթացքում հաճախակի թափահարեք, քամեք և մզեք հումքը։
Յուղամզվածքը կիրառելի է կապտուկների, կտրվածքների, ցանի, այրվածքի դեպքում։
Նեֆրիտ (երիկամաբորբ). Խառնեք 1-ական թ/գ ճնճղապաշարի խոտ և սև բարդու բողբոջ, 2 թ/գ աղեխոտ, 4-ական թ/գ վաղենակի ծաղիկ, մանուշակ եռագույնի խոտ։ 1 թ/գ հումքը 1,5 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 2-ական թ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց 20 րոպե առաջ և նախքան քնելը։ Շարունակեք 14 օր, ընդմիջեք 3 օր, կրկնեք 2-3 անգամ։

  •   Խառնեք 3-ական մաս ջղախոտի և եղինջի տերև, վաղենակի ծաղիկ, կատվալեզվի, հազարտերևուկի խոտեր, երիկամների համար նախատեսված թեյ (վաճառվում է դեղատներում` (տՏփպփվօռ փՈռ), 2 մաս մասուրի պտուղ։ 3 թ/գ հումքին ավելացրեք 500 մլ եռջուր, 3 ժամ թրմեք ջերմապահում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ` քրոնիկ երիկամաբորբի դեպքում` երբ մեզի մեջ նկատվում են արյան հետքեր։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Հակասնկային. Փոշիացրեք, խառնեք 1-ական մաս փշոտ հաղարջենու տերև, վաղենակի ծաղիկ, ձիաձետի խոտ, կաղնու տերև։ 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Դրեք թրջոցներ մաշկի վնասված հատվածին։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ։
Կանխարգելիչ միջոց մրսածության դեմ. 2 ճ/գ վաղենակի ծաղկաթերթերին ավելացեք 500 մլ սառը ջուր, դրեք թույլ կրակին, հասցրեք եռման աստիճանի։ Քամեք։ Խմեք կեսական բաժակ, օրը 3-4 անգամ` օրվա ընթացքում։
Կամ`
Օշարակ. Վերոգրյալ եփուկին ավելացրեք 400 գ շաքարավազ, դրեք կրակին և անընդհատ խառնեք մինչև լիարժեք հալչելը։ Հովանալուց հետո լցրեք ապակե տարայի մեջ և կիպ փակեք։ Ընդունեք 1-2 թ/գ` օրը 3 անգամ։
Առիթմիա. 2 թ/գ վաղենակի ծաղիկներին ավելացեք 400 մլ եռջուր, թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։
Քարեր լեղապարկում. Խառնեք 1-ական թ/գ իշառվույտի խոտ, եղինջի տերև, խատուտիկի արմատ, 1 ճ/գ տերեփուկ կապույտի ծաղիկ, 2 ճ/գ վաղենակի ծաղիկ։ 1 ժամ թրմեք 1 լ եռջրում։ Թուրմի մեջ լուծեք 15-20 գ շաքար։ Խմեք 200-ական մլ` օրը 4-5 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։
Կորյակներ. 2 ճ/գ վաղենակի ծաղկաբույլերը թրմեք 100 մլ եռջրում։ Թրմեք 20 րոպե, քամեք։ Ստացված թունդ թուրմով դրեք թրջոցներ։
Երիտասարդացնող. 2ճ/գ վաղենակի մանրացրած ծաղկաբույլերին ավելացրեք 500 մլ եռջուր, 1 ժամ թրմեք, քամեք։ Թուրմով լվացեք դեմքը։

  • Վերոգրյալ թուրմը լցրեք սառնախցիկի համար նախատեսված կաղապարի մեջ և սառեցրեք։ Առավոտյան խորանարդիկով 1-2 րոպե շփեք դեմքը։

Օճառահեղուկ. Ծաղկաբույլերի վրա լցրեք այնքան ջուր, որպեսզի ծածկի հումքը, թրմեք 30 րոպե, քամեք։ Խառնեք հավասար քանակությամբ օճառահեղուկ։ Այս բուսական օճառահեղուկով լվացեք մազերը։ Հատկապես հարմար է շիկակարմիր մազերին։
Ոտքերի քրտնարտադրություն. 1ճ/գ վաղենակի ծաղկաբույլերը եփեք 1 լ եռջրում։ Կատարեք ոտքերի լոգանք 20 րոպե տևողությամբ։
Ձեռքերի և ոտքերի ճաքեր. 200 գ ճահճակուղբի (նուտրիա) յուղը հալեցրեք, ավելացրեք 2 ճ/գ փոշիացրած ծաղիկներ։ Պահեք 30 րոպե ջրային բաղնիքի վրա, քամեք։ Պահեք հով տեղում։ Ամեն օր քսեք ճաքերին` մինչև լիարժեք բուժվելը։

Դեղատոմսեր վաղենակ բժշկականի ոգեթուրմով
Ոգեթուրմը վաճառվում է դեղատներում։ Կարող եք պատրաստել նաև տնային պայմաններում.

  • 200 գ թարմ ծաղկաթերթերին ավելացրեք 500 մլ օղի, կիպ փակեք կափարիչով, դրեք մութ տեղ` պարբերաբար թափահարեք։ 2 շաբաթից քամեք, մզեք հումքը։ Լցրեք ապակե շշի մեջ։

Ատամնացավ. 1 ճ/գ ոգեթուրմը խառնեք 200 մլ ջրին։ Ողողեք բերանն օրվա ընթացքում։
Մրսածություն, տենդ. 1-ական թ/գ ոգեթուրմը խառնեք 50 մլ ջրի հետ, խմեք օրը 3 անգամ։ Շարունակեք մինչև վիճակի բարելավում։
Առիթմիա. Ոգեթուրմի 30 կաթիլը խառնեք 100 մլ ջրին։ Խմեք օրը 2-3 անգամ։
Գոտկատեղի ցավ. Ոգեթուրմով շփեք ցավոտ հատվածը, փաթաթեք բրդե շալով։
Սեղվի խայթոցի դեմ. 1թ/գ ոգեթուրմը լուծեք 50 մլ ջրի մեջ։ Թրջոցը տեղադրեք խայթված մասում։
Փսորիազ. Խառնեք 10 գ մեղր, 10-ական մլ կալանխոէի հյութ և վաղենակի 10 տոկոսանոց ոգեթուրմ, 30 մլ նիվենու եթերային յուղ։ 3 օր թրմեք մութ, հով տեղում։ Օգտագործեք քորի դեպքում։
Կորյակներ. Խառնեք 1-ական թ/գ վաղենակի 10 տոկոսանոց ոգեթուրմ և հնդկացորենի մեղր։ Խառնուրդը լուծեք 200 մլ գոլ` նախօրոք եռացրած ջրում։ Օգտագործեք ճարպոտ մաշկը մաքրելու և այլ մաշկային հիվանդությունների դեպքում։
Շրթունքների ճաքեր. 1 թ/գ վաղենակի ոգեթուրմը խառնեք 1 ճ/գ վազելինի հետ։ Պահեք սառնարանի մեջ։ Քսուքն ունի վերքամոքիչ հատկություն։

Զգուշացում։
Վաղենակ բժշկականի ոգեթուրմը հակացուցված է ալերգիայի, հիպոտոնիայի դեպքում, ինչպես նաև` հղիներին։

About these ads